Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է ժամկետային զինծառայող Հրաչյա Գրիգորյանը:
Հրաչյան Երեւանից էր: Նա ընտանիքի միակ որդին էր, ուներ իրենից մեծ քույր: Հրաչյան բանակ էր զորակոչվել նախորդ տարվա ձմռանը: Նախքան զորակոչվելը ընդունվել էր Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրիայի ֆակուլտետի Կառավարում բաժնում: Այս մասին News.am-ի հետ զրույցում պատմել է Հրաչյայի ուսուցիչներից մեկը:
«Հրաչն ազնիվ, հումորով, շատ մաքուր հոգով տղա էր, իր անկարգություններն էին անգամ քաղցր։ Իր համադասարանցի Կարեն Գասպարյանն էլ սեպտեմբերի 13-ին զոհվեց: Ես իրենց դասարանում ամեն դասի վերջում շեշտում էի, որ իրենք ուրիշ են, որ իրենք անկախության սերունդ են, որ իրենք են կատարելագործելու մեր փառքի ուղին…»,- նշել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինվորականներ։
Դեպքից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրեց պաշտոնական վարկածը, ըստ որի սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։
Ավելի ուշ դասակի հրամանատարը լրագրողներին հայտնել էր, որ կացարանում բենզին չի եղել, ըստ էության, հերքելով վարչապետին: Զինդատախազը եւս հայտարարել էր, որ դեռ պարզ չէ՝ բենզին է եղել, թե դիզվառելիք: