Armeniasputnik.am-ը գրում է. Հունվարի 28-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի կացարանում գտնվող զինվորների համար անակնալ էր սպասվում։ Նրանք պետք է նամակներով ու կոնֆետներով լի ծանրոց ստանային Մեծամորի թիվ 1 հիմնական դպրոցի 6-րդ դասարանի աշակերտներից։ Հասցեատերերն արդեն չկան, իսկ ծանրոցը դեռ ճանապարհին է։
Դասարանի դասղեկ Քրիստինե Ասրիյանը դեպքից մեկ օր առաջ էր այն փոստով ուղարկել Գեղարքունիքի մարզ` այն զորամաս, որտեղ ծառայում էր Հայկ Կիրակոսյանը։
«Քանի որ դասարանի տղաներից մեկի ավագ եղբայրը` Կիրակոսյան Հայկը, այս պահին ծառայության մեջ էր, որոշեցինք հենց այդ զորամաս ուղարկել ծանրոցը։ Զանգեցի մայրիկին, որ տվյալները ճշտեմ` նա հուզվել էր, շնորհակալություն էր հայտնում ուշադրության համար։ Իսկ Հայրապետը (Հայկ Կիրակոսյանի եղբայրը,–խմբ.) ամեն օր հարցնում էր` մինչև տոնը կհասնի՞։ Ասում էի` այո՛, իհա՛րկե։ Ո՞վ կմտածեր, որ այսպիսի բան կլինի»,– պատմեց Մեծամորի թիվ 1 հիմնական դպրոցի ուսուցչուհի Քրիստինե Ասրիյանը։
Ժամկետային զինծառայող Հայկ Կիրակոսյանը Մեծամոր քաղաքից էր։ Նա այն 15 զինծառայողներից մեկն էր, որոնք հունվարի 19–ին մահացան Գեղարքունիքի մարզի զորամասի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով։
Դպրոցի ուսուցիչները նրան բնութագրում են որպես համեստ, զուսպ, լուրջ, հավաքված, մեղմ բնավորությամբ յուրահատուկ բարի տղա։
«Հայկը երբեք թույլ չէր տա, որ իր վրա խոսեն, շատ հավաք տղա էր ու կարելի է ասել` հերոս էր իր փոքր քրոջ ու եղբոր համար։ Ես բոլորին դաս եմ տվել, գիտեմ. նրանք պարզապես ապրում էին իրենց մեծ եղբորով, իրենց թևութիկունքն էր»,– պատմեց Հայկի եղբոր` Հայրապետի դասղեկը։
Հայրապետը դպրոցում է եղել, երբ իմացել են դեպքի մասին։ Դասարանում բոլորը հոգ են տարել, որ նա մինչև տուն գնալը չիմանա եղբոր հետ տեղի ունեցածի մասին։
Հայկի 20 տարին դեռ չէր լրացել. նա պետք է տուն վերադառնար ամռանը։