Եկել ենք, որ հասկանանք, թե մեր գործն ուր է հասել, եկել ենք աասենք, որ մենք անտարբեր չենք, մատների արանքով չենք նայում այս ամենին, այս ցավի հետ սա չենք մոռանալու։ Այս մասին, այսօր՝ հունվարի 20-ին, Քննչական կոմիտեի մոտ 44-օրյա զոհված զինծառայողների ծնողների բողոքի ակցիայի ժամանակ լրագրողներին հայտնեց զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը Գայանե Հակոբյանը՝ անդրադառնալով 5 ամիս առաջ՝ սեպտեմբերի 21-ին «Եռաբլուրում» զոհվածների ծնողների նկատմամբ բիրտ ուժ կիրառելու գործի ընթացին։
Հարցին, թե ո՞վ պետք է մինչեւ այսօր պատժված լիներ այդ գործով, որ չի պատժվել, նա պատասխանեց. «Իմ կարծիքով առաջինը պետք է պատժված լիներ Նիկոլն իր ժեխակույտով։ Բայց քանի որ մենք ապրում ենք Հայաստանում եւ մեզ ղեկավարում են անորակ ու դավաճան ղեկավարները, պետք է սկսենք Քննչականից, նաեւ Արգիշտի Քյարամյանը»։
Գայանե Հակոբյանի խոսքով, իրենց հանդեպ բռնություն կիրառած ոստիկանները ներողություն են խնդրում, ընդունում են իրենց մեղքը. «Առերեսումները չեն էլ ավարտվել, բայց գրեցին, որ կոսեցվել է։ Հիմա եկել ենք հասկանանք, թե ինչու է կասեցվել։ 5 ամսվա մեջ գոնե մի քանի ոստիկանի պետք է պատժված տեսնեինք»։
Նա ասաց, որ ոստիկանները որպես իրենց հրաման տվողի նշում են Արթուր Խուդինյանի անունը. «Բնականաբար, հրամանն ավելի վերեւից է եղել»։