Իշխանությունը քաղաքական հետապնդումների հերթական շարք է սկսում` փոխանակ զբաղվի անվտանգության, Արցախի հարցով, երեկվա ցավալի դեպքով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Հայտնել էինք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին երեք միջնորդագիր է ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։
«Ինձ համար այս իշխանություններից անսպասելի որևէ երևույթ չի կարող լինել` ամեն ինչ էլ սպասելի է իրենցից։ Ես որևէ տեղեկություն չունեմ, պաշտոնական ծանուցում չեմ ստացել ո՛չ դատախազությունից, ո՛չ էլ ԱԺ նախագահից։ Մյուս կողմից ինձ համար անհասկանալի է, քանի որ ՊՆ նախկին, ներկա գործունեության հետ կապված հարցաքննություններում որևէ մեկը չի ասել, որ կարող է` անձեռնմխելիությունից զրկվեմ»,–ասաց Օհանյանը։
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն էլ իր հերթին հայտնեց, որ օրենքի համաձայն` եթե միջնորդագիր է ներկայացվում, ապա այն անմիջապես փոխանցվում է պատգամավորին։
«Այս պահին ոչինչ ասել չենք կարող։ Կստանանք, կուսումնասիրենք, մեր գնահատականներն ու գործողությունները կասենք»,–ասաց Մինասյանը։