Search
Close this search box.

Ալեն Սիմոնյանը այցելել է զորամասի հրդեհից տուժած զինծառայողներին, խոսել բժիշկների և ծնողների հետ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր առողջապահության փոխնախարար Արմեն Նազարյանի ուղեկցությամբ այցելել է Այրվածքաբանության կենտրոն, որտեղ գտնվում են Գեղարքունիքի զորամասի հրդեհից տուժած զինծառայողները։

ԱԺ նախագահը խոսել է բուժող բժիշկների հետ, որոնք տեղեկացրել են, որ 2 զինվորների վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, մեկինը՝ ծանր։ Սիմոնյանը հիվանդանոցում զրուցել է նաև այրվածքներ ստացած զինվորներից մեկի ծնողների հետ և պատրաստակամություն հայտնել աջակցել ցանկացած հարցում։

Հիշեցնենք, որ այսօր՝ 2023 թվականի hունվարի 19-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 01։30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի համար նախատեսված կացարանում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով նույն վաշտի 15 զինծառայող մահացել է, երեք զինծառայող ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Նախնական տվյալներով հրդեհը բռնկվել է վառարանը ավտոբենզինով վառելու պատճառով։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Please enter a valid URL