Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված՝ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է շարքային զինծառայող Համլետ Դավթյանը։ Նա Մարտունի քաղաքից էր, մասնակցել էր սեպտեմբերյան մարտերին։
«Ընտանիքի միակ որդին էր, իրենից մեծ երկու քույր ուներ։ Միակողմանի ծնողազուրկ էր, մայրը երկու տարի առաջ է մահացել։ Մարմինն անճանաչելի է եղել, հորեղբոր տղան չի կարողացել ճանաչել, հետո հորեղբայրն է մտել դիահերձարան եւ հաստատել, որ Համլետն է, խալի միջոցով է ճանաչել»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Ազգային պատկերասրահի Մարտունու մասնաճյուղի վարիչ Անահիտ Գեւորգյանը։
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետեւանքով զոհվել է 15 զինծառայող, վիրավորում է ստացել 7 զինծառայող, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը տեղափոխվել են Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Նրանցից երկուսի վիճակը գնահատվում է ծանր։
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը և ևս 7 բարձրաստիճան զինվորականներ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ասել է, որ սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։
Հրդեհի դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ)։