Search
Close this search box.

Զինվորներից մեկը ծռել է ճաղավանդակը և դուրս եկել կիսաայրված վիճակում․ «Հրապարակ»

Hraparak.am-ը գրում է. Վարդենիս խոշորացված համայնքի մաս կազմող Ազատ գյուղի բնակիչների հետ զրույցներից հաջողվեց պարզել, որ 44-օրյա պատերազմից հետո ՊՆ N զորամասի սակրավորներն առանձնացել են մյուսներից և ծառայությունը կրել են գյուղի մեկ հարկանի տանը։ Սակրավորների այդ կացարանը մեկ հարկանի էր, երեք սենյականոց։ Գյուղում պատմում են, որ վառարանը տեղադրված է եղել սենյակի դռան մոտ։ «Այդ դռնով դուրս գալ զինվորները չեն կարողացել, մնացել են սենյակի ներսում, որոշ մասով ծխահարվել են», — ասում է Ազատի պետական պաշտոնյաներից մեկը։  

Փաստորեն, վառարանը փակած է եղել մուտքը, և տղաները չեն կարողացել դուրս գալ։ 
«Ակնթարթային հրդեհ է տեղի ունեցել այն բանից հետո, երբ տղաներից մեկը փորձել է 5 լիտրանոց ամանով մոտեցնել վառարանին և մարող կրակի վրա բենզին է փորձել լցնել, որ փեչը վառեն։ Կրակը հանգած է եղել», — պատմում է պաշտոնյան։ 

Բնակիչները պատմում են նաև, որ ժամկետային զինծառայողներից մեկը կարողացել է դուրս գալ։ Այս պահին նա կիսաայրված վիճակում է։

«Պատուհաններին եղել են ճաղավանդակներ, նա ճաղավանդակը թեքել է ու դուրս է եկել»։  

Առավոտյան գյուղում լուր է տարածվել, թե զորամասում պայթյուն է եղել՝ ինչ-որ նյութեր կամ զենքի պահեստ է պայթել, սակայն հետագայում այս լուրերը հերքվել են։ «Պայթյուն հաստատ չի եղել, ոչ ոք պայթյունի ձայն չի լսել», — պատմում էին մեր զրուցակիցները։ 

Այս պահին գյուղում լրագրողներ են։ 15 զոհված ժամկետային զինծառայողների մարմինները մինչև լուսաբաց արդեն տեղափոխել են Ազատից։  

Ինչպես հայտնի է՝ հրդեհը բռնկվել է այսօր, ժամը 01:30-ի սահմաններում, Գեղարքունիքի Ազատ գյուղում գտնվող ինժեներասակրավորական վաշտի կացարանում: 

Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Փաշինյանը դեպքը որակեց «հրեշավոր»։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էլ հայտնեց, որ հրդեհը բռնկվել է, նախնական տվյալներով, հրդեհային անվտանգության կանոնների խախտման արդյունքում, որ հրդեհի պահին մեծ քանակությամբ բենզին է օգտագործվել։

Please enter a valid URL