Ամաչկոտ, համեստ տղա էր։ Այսպես է բնութագրում ՊՆ զորամասերից մեկում գիշերը հրդեհից զոհված Համլետ Դավթյանին Մարտունու թիվ երեք դպրոցի տնօրեն Խանում Ղազարյանը, որը նախկինում թիվ մեկ միջնակարգ դպրոցի տնօրենն էր։
«Շեկ, սիրուն տղա էր, հենց հիմա աչքիս առաջ է ամաչկոտ, մեղմ հայացքը»,- MediaHub-ի հետ զրույցում պատմեց Ղազարյանը։
Համլետը քսան տարեկան էր, այս ամառ պետք է զորացրվեր։ Ծառայության ընթացքում մասնակցել է նաև սեպտեմբերյան ագրեսիային, բավականին լավ արդյունք ցուցաբերել։
Միջին դպրոցն ավարտելուց հետո Համլետն ուսումը շարունակել է քոլեջում։
«Շատ ցավալի է, տան միակ արու զավակն էր, երկու քույր ունի։ Մայրը երկու տարի առաջ է մահացել, պապը՝ մի քանի ամիս առաջ»,- նշեց Ղազարյանը։
Հիշեցնենք, հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:
Նախնական տվյալներով բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր: