Սյունիքի այսպես կոչված միջանցքի մասին Ադրբեջանի նախագահի հայտարարությունները պրովոկացիոն բնույթ ունեն։ Այս մասին այսօր ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Դրանք էսկալացիա ստեղծելու նպատակ ունեն։ Այդ հայտարարություններին մեր ճիշտ արձագանքն է, որ պետք է տարածաշրջանում կայունության որոշակի գործոն հանդիսանա։ Մենք շատ հստակ հայտարարում ենք, որ Պրահայի պայմանավորվածությունների հիման վրա պատրաստ ենք գնալ խաղաղության պայմանագրի ստորագրման, ու այդ հայտարարություններն առաջին հերթին հակասում են ձեռք բերված պայմանավորվածություններին ու Ադրբեջանի ստանձնած միջազգային պարտավորություններին»,– ասաց Փաշինյանը։
ՀՀ վարչապետը կարևորեց հարցի վերաբերյալ միջազգային հանրության ընկալումը մեծացնելը` միաժամանակ շեշտելով, որ միջազգային շփումներից պարզ է դառնում, որ նման ընկալում արդեն իսկ կա։
«Ակնհայտ է, ու միջազգային հանրությունն էլ դա արձանագրում է, որ Լաչինի միջանցքի շրջափակումը և Ադրբեջանի ագրեսիվ հայտարարուոյւնները նոր խոչընդոտներ են ստեղծում խաղաղության գործընթացի համար։ Իսկ ո՞վ է ասել, որ հենց դա չէ Ադրբեջանի նպատակը, որ նաև այդ կարգի սադրիչ հայտարարություններով և մեր հնարավոր ռեակցիաներն էլ օգտագործելով` ամբողջությամբ վիժեցնեն խաղաղության գործընթացը»,– ասաց Փաշինյանը։
Այս իրավիճակում, նրա համոզմամբ, Հայաստանը պետք է հավատարիմ մնա իր որդեգրած սկզբունքներին ու չշեղվի խաղաղության օրակարգից։
Հիշեցնենք` Ալիևն օրերս տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ասել էր, որ եթե Հայաստանը չցանկանա սահմանազատում իրականացնել, ապա սահմանը կանցնի այնտեղով, որտեղով Ադրբեջանը ճիշտ կհամարի։