Search
Close this search box.

Թոշակառունները սթրեսի մեջ են

Տարեց քաղաքացին դիմում է Հայփոստի (այս դեպքում էականն իհարկե Հայփոստը չէ) աշխատակցուհուն՝ աղբահանության վճարի եւ գույքահարկի համար: Աշխատակցուհին հարցնում է՝ կոդերն ունե՞ք: Քաղաքացին ասում է, որ նախորդ հունվարին վճարել է: Պատասխան՝ կոդերը հիմա փոխել են, պետք է գնաք «թաղապետարան» (վարչական շրջան), որ ձեզ տան նոր կոդերը:
Չեմ ներկայացնում քաղաքացու հետագա արձագանքը:

Կարծում եմ, 21-րդ դարին հարիր չէ, որ քաղաքացին գույքահարկ կամ աղբահանության հարկ վճարելու կոդ իմանա՝ երբ գնում է վճարելու: Պետք է խորհրդարանը ընդունի մի օրենք, որով քաղաքացուց կպահանջվեն նաեւ կախարդական բառեր, կամ գաղտնաբառ: Մի խոսքով, մարդկանց գործը բարդացնել առավելագույնս:

Ինչպես օրինակ կենսաթոշակների վճարման չափազանց օրինակելի ռեֆորմը, երբ մարդիկ թոշակը ստանում են միայն քարտով, իսկ օրինակ տվյալ գյուղում ոչ բանկոմատ կա, ոչ էլ քարտով առեւտրի հնարավորություն: Բայց կարեւորը, որ ստեղծվում է հայտարարության առիթ, թե «քեշ-բեկի» շնորհիվ էլ ենք թոշակները բարձրացնում:

Ոչինչ, որ մի քանի հարյուր կամ հազար մարդու համար թոշակ տնօրինելու տարրական գործընթացը վերածվում է մղձավանջի: Այո, ընկերներ, տիկնայք եւ պարոնայք, երբ 70 տարեկան մարդուն դնում ես տեխնոլոգիական մի պրոցեսի առաջ, որից նա պատկերացում ու գաղափար չունի, նրա համար դա հոգեբանական սթրես է: Դուք մարդկանց քթից եք բերում տրվող թոշակը, ինչ է թե ձեզանից որեւէ մեկի մտքով անցել է, որ թոշակը պետք է տալ բացառապես քարտով՝ անկանխիկ:

Իսկ պատճառն այն է, որ կյանքը պատկերացնում եք միայն «դասագրքային սահմանումներով» կամ սեփական զբոսաշրջային պատկերացումներով: Այլապես, ընդունվող որեւէ նորարարություն պետք է դյուրացնի քաղաքացու կյանքը, ոչ թե նրան ենթարկի հոգեբանական սթրեսի, ոչ թե մարդը հասնի գույքահարկ ու աղբահանություն վճարելու՝ ՏՏ «դրոշակակրության» մասին ազդարարող երկրում, ու պարզվի, որ ինչ որ կոդեր պետք է իմանա, եւ չի կարող պարզապես ասել իր հասցեն, անուն ազգանունը, վճարել ու գնալ իր գործերով:

Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան էջից

Please enter a valid URL