Search
Close this search box.

«Շանթ» TV-ին սնանկ է ուզում ճանաչվել. հեռուստաընկերության մի քանի աշխատակիցներ դիմել են դատարան չվճարված աշխատավարձերը ստանալու համար

«Շանթ» հեռուստաընկերության մի քանի աշխատակիցներ դիմել են դատարան չվճարված աշխատավարձերը ստանալու համար։ Արդեն նախկին աշխատկիցները մի քանի ամսվա աշխատավարձ և վերջնահաշվարկ չեն ստացել և մտահոգություններ ունեն, որ այդպես էլ չեն ստանա, քանի որ «Շանթ» ՍՊԸ-ի հետ կապված սնանակության գործընթաց կա։
NewDay.am-ը DataLex-ից տեղեկանում է, որ ՀՀ Սնանկության դատարանը 2022 թ-ի նոյեմբերի 16 –ին որոշել է վարույթ ընդունել «Շանթ» ՍՊԸ-ն սնանկ ճանաչելու պահանջը։
Գործով դատավորը Լ․ Կատվալյանն է, սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ նշանակվել է Հովհաննես Եղյանը։
Ներկայացնում ենք դատարանի որոշումը․

«2022թ. ք. Երևան Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի դատավոր Լ. Կատվալյանս, քննության առնելով Վահագն Լևոնի Նազարյանի դիմումը` «Շանթ» ՍՊԸ-ին (հասցե՝ ք. Երևան, Կիևյան 16, գրանցման համար՝ 29․110․00409, ՀՎՀՀ՝ 05504868, գրանցման ամսաթիվ՝ 22․07․1995) սնանկ ճանաչելու պահանջի մասին, վարույթ ընդունելու հարցը` Պ Ա Ր Զ Ե Ց Ի Վահագն Լևոնի Նազարյանը 2022թ. նոյեմբերի 11-ին դիմում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության սնանկության դատարան՝ «Շանթ» ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու պահանջով: Դիմումի հիման վրա կազմվել է թիվ ՍնԴ/3312/04/22 սնանկության գործը, որը 11.11.2022 թվականին մակագրվել է դատավոր Լ. Կատվալյանիս: Դիմումը դատավորի աշխատակազմին հանձնվել է 14.11.2022 թվականին։ Ծանոթանալով դիմումին և կից փաստաթղթերին` գտնում եմ, որ դրանք ներկայացվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-122-րդ և «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 10-11-րդ հոդվածների պահանջների պահպանմամբ, ուստի դիմումը պետք է ընդունել վարույթ: Միաժամանակ քննարկելով Հովհաննես Եղյանին (ք.Երևան, Գայի պ․ 7, բն․ 3, սնանկության գործով կառավարչի որակավորման վկայական` N 020) սնանկության ժամանակավոր կառավարչի պաշտոնում նշանակելու հարցը` գտնում եմ, որ վերջինս բավարարում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի պահանջներն, ուստի նրան պետք է նշանակել «Շանթ» ՍՊԸ-ի սնանկության ժամանակավոր կառավարիչ: Ելնելով վերոգրյալից, հիմք ընդունելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ, 13-րդ հոդվածների պահանջները և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ, 200-րդ հոդվածներով` Ո Ր Ո Շ Ե Ց Ի Վահագն Լևոնի Նազարյանի դիմումը` «Շանթ» ՍՊԸ-ի սնանկ ճանաչելու պահանջի մասին, ընդունել վարույթ»։

NewDay.am-ը փորձեց այս գործընաթացների վերաբերյալ զրուցել «Շանթ» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Արթուր Եզեկյանի հետ։ Նա նշեց, որ խորհրդակացության է, ավելի ուշ զանգենք, իսկ ավելի ուշ արդեն մեր զանգերին չպատասխանեց։
«Շանթ» հեռուստաընկերության իրավաբանի հեռախոսահամարն էլ անհասանելի էր։

NewDay.am

Please enter a valid URL