Search
Close this search box.

Ինչու ջրվեց Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկության թեման. Hraparak

Hraparak.am-ը գրում է. Փաշինյանամերձ քարոզչամեքենան փորձում է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի հրաժարականի շուրջ ստեղծված մեդիաաղմուկը բացատրել իբրեւ թե Արցախում առկա ներքաղաքական ճգնաժամով՝ Արցախի նախագահի եւ պետնախարարի միջեւ առկա տարաձայնություններով: Թե շրջափակված, հումանիտար եւ անվտանգային խնդիրների առաջ կանգնած Արցախում ինչ տարաձայնություններ կարող են ունենալ իրար հետ մարդկային եւ գործընկերային ջերմ հարաբերություններ ունեցող Հարությունյանը եւ Վարդանյանը, որեւէ մեկը չի պարզաբանում: Իրականությունն այն է, որ Վարդանյանի պաշտոնանկության շուրջ խոսակցությունները, ինչպես Արցախի հետ կապված ցանկացած խնդիր, երեւանյան ծագում ունեն, եւ դրա հետեւում դարձյալ Փաշինյանն է՝ իր ներհայաստանյան չբավարարված ամբիցիաներով ու ադրբեջանական կողմին առավելագույնս բավարարելու ձգտումներով:

Վարդանյանի պաշտոնանկության մասին տեղեկությունները հետեւեցին Փաշինյանի ասուլիսին, որտեղ նա հերթական անգամ կոչ արեց Արցախի ընտրված ներկայացուցիչներին՝ բանակցել Ադրբեջանի հետ: Երբ Փաշինյանն Արցախին կոչ է անում բանակցել Ադրբեջանի հետ, նա, ըստ էության, կոչ է անում ընդունել Ադրբեջանի գերիշխանությունը, կոչ է անում, որ Արցախն Ադրբեջանը ճանաչի որպես մետրոպոլիա, իսկ Արցախի տարածքը՝ որպես գաղութ: Պատահական չէ, որ նույն օրը Ալիեւը եւս ասուլիս էր տալիս ու սինխրոն դնում էր այն պահանջները, որոնց բավարարման դեպքում են միայն հնարավոր այդ բանակցությունները. արցախցիների կողմից Ադրբեջանի քաղաքացիության ընդունում եւ Ադրբեջանի իշխանության գերիշխանության ճանաչում: Ռուբեն Վարդանյանի պատասխանը Փաշինյանին եւ Ալիեւին չուշացավ. «Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների երեկվա ելույթները հաստատեցին, որ Արցախի համար միակ հնարավոր ընտրությունը պայքարն է։ Պետք է պայքարել՝ հույսը դնելով սեփական ուժերի վրա։ Պայքարել Հայաստանի քաղաքացիների աջակցությամբ, որոնք վերջին ընտրություններում քվեարկել են քաղաքական այն ուժերի օգտին, որոնք իրենց ծրագրերում հայտարարել են Արցախին լիակատար աջակցության մասին։ Պայքարել սփյուռքի ակտիվ աջակցությամբ, որը ծայրահեղ իրավիճակներում միշտ հայրենիքի կողքին է եղել։ Կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ կանգնել Արցախի կողքին՝ պաշտպանելով Արցախը բնաջնջումից եւ բռնազավթումից»։

Այսինքն՝ Վարդանյանը հայտարարեց, որ Արցախը պայքարում է ոչ միայն Ադրբեջանի, այլեւ Հայաստանի իշխանության դեմ, որոնք Արցախի դեմ գործում են միասնական ճակատով: Փաշինյանը, չհանդուրժելով Վարդանյանի նման պահվածքը, փորձեց հասնել նրա հեռացմանը, գուցե Արայիկ Հարությունյանից պահանջելով պաշտոնանկ անել նրան, ինչին Հարությունյանը պատասխանել էր, որ այդ դեպքում ինքը եւս հրաժարական կտա՝ թողնելով, որ Արցախի իշխանության հարցը որոշեն արցախցիները:

Վարդանյանից այլ բան պետք էլ չէր սպասել. նա պետնախարար է դարձել ոչ թե Փաշինյանին հնազանդվելով՝ Արցախն Ադրբեջանի իշխանությանը ենթարկեցնելու, այլ դրա հայկականությունը պահպանելու նպատակով: Հարությունյանը Վարդանյանին պետնախարար է նշանակել, թերեւս պայմանավորվելով, որ միասին կկարողանան դիմակայել Փաշինյանի իշխանությունից եկող վտանգներին եւ կկարողանան որոշակի ինքնավարություն ապահովել Արցախին նաեւ Հայաստանից, որի իշխանությունն ամեն ինչ անում է Արցախն Ադրբեջանին հանձնելու համար:
Ռուբեն Վարդանյանն Արցախի պետնախարար նշանակվեց 2022 թ․ նոյեմբերի 4-ին: Սա, ըստ էության, հոկտեմբերի 7-ին Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի կողմից Պրահայի հայտարարության ստորագրման պատասխանն էր, հայտարարություն, որով Հայաստանի իշխանությունն առաջին անգամ անվերապահորեն ընդունեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: «Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»,- գրված է Փաշինյանի կողմից ստորագրված հայտարարության մեջ:
Վարդանյանի՝ Արցախի պետնախարար նշանակվելու մասին խոսակցությունները տարածվեցին դեռեւս անցած տարվա սեպտեմբերին, երբ արդեն հրապարակային մակարդակով Փաշինյանը հայտարարում էր, որ հրաժարվում է Արցախից, եւ իր միակ մտահոգությունը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքի վրա իր իշխանության պահպանումն է:

Այդ ժամանակ արդեն Փաշինյանն Արցախի նախագահին եւ նրա ղեկավարած պատվիրակությանը բաց տեքստով բացատրել էր, որ իր ու իր իշխանության վրա հույս չդնեն եւ գնան ու համաձայնեն Ադրբեջանի առաջադրած բոլոր պայմաններին: Երբ Փաշինյանը ստորագրեց Պրահայի հայտարարությունը, Արցախի նախագահը հասկացավ, որ Փաշինյանի՝ Արցախն ու արցախցիներին Ադրբեջանի գիրկը գցելու քաղաքականությունն արդեն իրավական տեսք է ստացել, Հայաստանից այլեւս սպասելիքներ չկան, դիմադրությունը պետք է կազմակերպել տեղի ուժերով: Դրանից խուսափելու միակ հնարը Հայաստանի իշխանությանը հակադրվելն էր, իսկ դրա համար նրան պետք էր դաշնակից՝ սեփական իշխանությունն ուժեղացնելու համար, ով կարող եւ պատրաստ էր հակադրվել Հայաստանի իշխանությանը:

Մանրամասը՝ սկզբնաղբյուրում:

Please enter a valid URL