Search
Close this search box.

Պաշտոնական Ստեփանակերտի արձագանքը

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարություն է տարածել` տեղեկացնում են Արցախի ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:

Հայտարարությունում ասվում է. «Ադրբեջանի կողմից պաշարված Արցախում հումանիտար աննախադեպ ճգնաժամը խորանում է:

Այսօր Ադրբեջանը փակել է նաև Արցախը սնուցող գազատարը, որի արդյունքում 120 000 մարդ խստաշունչ ձմռան այս օրերին, ի թիվս այլ կենսական խնդիրների, զրկվել է նաև ջեռուցման հնարավորությունից:

30 000 երեխայի համար ահագնանում է թերսնման, ցրտահարման վտանգը:

Ողջունելով և կարևորելով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այսօրվա պաշտոնական նամակն ավելի քան 30 պետությունների խորհրդարանների ղեկավարներին, ուզում եմ ընդգծել, որ այս հարցում ՀՀ և ԱՀ խորհրդարանների բոլոր քաղաքական ուժերը պետք է մի կողմ դնեն իրենց քաղաքական հայացքները, բոլոր օրակարգերի գլխավերևում ունենան աղետալի իրավիճակում հայտնված Արցախի հարցը և միասնական ջանքերով աշխարհի ուշադրությունը հրավիրեն անկանխատեսելի զարգացումներով օրեցօր սաստկացող հումանիտար աղետի վրա:

Սա պետք է անընդունելի լինի քաղաքակիրթ աշխարհի համար: Մենք պետք է համատեղ ջանքերով պարտադրենք միջազգային հանրությանը՝ ճիշտ գնահատական տալ Ադրբեջանի կողմից Արցախում էթնիկ զտման քաղաքականությանը, և այն կանխելու ուղղությամբ ձեռնարկել համապատասխան միջոցներ, որոնք արդեն իսկ ուշանում են:

Please enter a valid URL