Հունվարի 15-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Գայ գյուղի վարչական տարածքի «Մեյմանդար» գյուղմթերքի շուկայում սպանություն է եղել: Րոպեներ անց «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ստացվեց հաջորդ հաղորդումը. դանակահարված վիճակում բուժօգնության էր տեղափոխվել վանաձորցի 28-ամյա մի երիտասարդ:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ ժամը 19.00-ի սահմաններում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Ջրառատ գյուղի 56-ամյա բնակիչը դանակով խփել ու սպանել էր Վանաձոր քաղաքի 49-ամյա բնակչին, իսկ բժշկական կենտրոն տեղափոխված երիտասարդին մարմնական վնասվածքներ էր պատճառել:
Դեպքի վայրի զննությամբ իրավապահները հայտնաբերեցին հանցագործության գործիք դանակը:
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, ենթակա ստորաբաժանումների և Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում դեպքից ժամեր անց կասկածվողը մայրաքաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցում հայտնաբերվեց, ձերբակալվեց և տեղափոխվեց ոստիկանության Վաղարշապատի բաժին:
56-ամյա տղամարդը ոստիկանությունից ներկայացվել է տարածքային քննչական բաժին, որտեղ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:
`