Search
Close this search box.

Պետք է պատրաստվենք կրկնել 1992-ի սցենարը. Թևան Պողոսյան

Վերջին երկու օրերին Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումները և Ռուբեն Վարդանյանի հնարավոր պաշտոնանկության մասին տեղեկատվական արտահոսքը մի շարք բացասական հետևանքներ ունեցան Հայաստանի երկու հանրապետությունների հայ հասարակության վրա՝ անկախ նրանից, թե որքանով էին դրանք հիմնավորված կամ որ թևից էին սպրդել լրատվական դաշտ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ նախագահ Թևան Պողոսյանը։

«Պատկերացնում եմ՝ այն հասարակ օգտատերը, որը կարդում էր այդ լուրերը՝ լինի Արցախում, թե Հայաստանում, չնայած՝ Հայաստանում գուցեև կան ինչ-որ մարդիկ, որոնց ընդհանրապես որևէ բան չի հետաքրքրում, բայց առնվազն Արցախում ապրողների համար դա ճնշման մեծ ալիք էր բարձրացրել»,- նշեց Պողոսյանը։

Նրա կարծիքով՝ արցախցիները, չնայած զրկանքներին, լցվել էին հույսով և պատրաստ էին պայքարել, հետևաբար թե Հայաստանում, թե Արցախում պետք է կենտրոնանալ միասնության գաղափարի շուրջ, բռունցքվել և դուրս գալ համազգային պայքարի։ Նրա խոսքով՝ այսօր առավել քան երբևէ Արցախի վերաբերյալ ցանկացած բառ արտաբերելիս պետք է չափազանց զգուշավոր գտնվել՝ թշնամու կամ որևէ այլ «չուզող մեկի. ջրաղացին ջուր չլցնելու համար։

«Եթե նույնիսկ այդպիսի երևույթներ կան, ամեն ինչ պետք է անենք, որ դրանք հաղթահարվեն, հուսանք, որ այսուհետ կգիտակցեն, որ այլևս որևէ մի անգամ նմանատիպ իրավիճակ չկրկնվի, որ ոչ թշնամին, ոչ որևէ այլ չուզողներ ճնշումներ թույլ չտան Արցախում ապրող հասարակ մարդկանց նկատմամբ։ Այստեղ բոլորս պետք է քաղաքացիական պատասխանատվություն ունենանք, որ չնայենք, թե որ դիրքում ենք գտնվում, կամ ինչ աշխատանք ենք անում՝ լինի դա պատգամավոր կամ լրագրող»,- ընդգծեց Պողոսյանը։

Նրա դիտարկմամբ՝ թշնամին հենց այնպես չի բացելու Բերձորի ճանապարհը, հետևաբար բանակցային գործընթացում դժվար է որևէ տեղաշարժ արձանագրել։ Մնում է՝ միասնաբար փորձել միջազգային ազդեցիկ հարթակներում հասնել նրան, որ վերջիններս դուրս գան հայտարարությունների դաշտից և լրջագույն ճնշումներ գործադրեն Ադրբեջանի վրա։

«Դրա հետ մեկտեղ պետք է լավ իմանանք, որ միևնույն է՝ ճանապարհը բացելու խնդիրը լինելու է մերը և պատրաստվենք, որ կարողանանք 1992-ի սցենարը կարիքի դեպքում իրականացնել, իսկ երբ ասում ենք՝ կարո՞ղ ենք, նախ պետք է նպատակ դնենք՝ իրականում ցանկանո՞ւմ ենք բացել, եթե՝ այո, ուրեմն՝ պետք է պատրաստվենք. աշխարհում անհնարին երևույթ չկա, հարցն այն է, թե նպատակ դրել ենք, եթե դրել ենք՝ անում ենք»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ հանգստյան օրերին Արցախում լարվել էր ներքաղաքական իրավիճակը՝ ի ցույց դնելով Արցախի նախագահի ու պետնախարարի միջեւ առկա հակասությունները։ Մամուլում տեղեկությունների շրջանառումից հետո Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքի իր էջում գրեց, որ չի պատրաստվում հրաժարական տալ, այն էլ՝ ստեղծված իրավիճակում։ Այսօր արդեն նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես եկավ հայտարարությամբ, որ Արցախում ներքաղաքական ճգնաժամ չկա և չի կարելի նման բան թույլ տալ։

Նշենք, որ դեկտեմբերի 12-ից ադրբեջանցի «բնապահպանները» փակել են Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը՝ Բերձորի միջանցքը և արդեն 35 օր է՝ Արցախը զրկված է արտաքին աշխարհի հետ կապ ունենալուց։ Հայկական երկրորդ հանրապետությունը հայտնվել է հումանիտար աղետի մեջ։

Please enter a valid URL