Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Արտաշատի քրեական հետախույզները հունվարի 14-ին ստացան հավաստի տեղեկություն, որ Բերքանուշ գյուղում կայանված «Օպել» մակնիշի մեքնայում գտնվող անձինք պահում են ապօրինի զենք-զինամթերք և եկել են վիճաբանելու տեղացի մի տղամարդու հետ:
Ոստիկանությունից հայտնում են, որ հնարավոր վեճն ու զարգացումները կանխելու համար արագ արձագանքումն անհրաժեշտ էր: Ժամը 22-ին մեքենան հայտնաբերվեց Բերքաբեր գյուղում: «Օպելում» երեք հոգի էին, որոնցից մեկը՝ մայրաքաղաքի, երկուսը` Սևան քաղաքի բնակիչ: Նրանք տեղափոխվեցին ոստիկանության Արտաշատի բաժին: Խուզարկությամբ սևանցի 35-ամյա տղամարդու պայուսակում հայտնաբերվեց առանց համապատասխան փաստաթղթերի գազային ատրճանակ՝ լիցքավորված երեք փամփուշտով, իսկ տաբատի գրպանից` գաղտնի փականով ծալովի դանակ:
Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
35-ամյա սևանցին ներկայացվել է Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: