Շատերի համար գուցե անհավանական/անտրամաբանական/անհեթեթ թվա, բայց Արցախում ընթացող ճգնաժամը, ի թիվս այլ գործոնների, նաև ներիշխանական/անձնային պայքար է:
Այս պայմաններում, երբ Ադրբեջանը Ռուսաստանի թողտվությամբ շարունակում է շրջափակման տակ պահել Արցախը, ներքաղաքական պայքարում զրո վերջնարդյունքով խաղը լավագույն տարբերակը չէ:
ա/ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի դեպքում Ռուսաստանն ու Ադրբեջանը թույլ չեն տալու նոր ընտրություն կամ ևս մի բան են պոկելու Արցախից/Հայաստանից,
բ/ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի հրաժարականի/պաշտոնանկության դեպքում միանաշանակ պնդվելու է և դա արդեն արվում է, որ Վարդանյանը լավ կյանքը թողած եկել էր կանգնելու Արցախի կողքին, իսկ նրա հրաժարականով սկսվում է Արցախի հպատակեցումը Ադրբեջանին (ես մեղմ բառապաշար եմ օգտագործում):
Հնարավոր է երրորդ տարբերակ ընտրել՝ ոչ նախագահը, ոչ պետնախարարը հրաժարական չեն տալիս, որ գոնե մի որոշ ժամանակով կրքերը հանդարտվեն, և բոլորը կրկին կենտրոնանան Արցախի շրջափակման թեմայի վրա:
Ահա հենց այստեղ է, որ հայտարարություններում պետք է խոհեմ լինել և օրինակ, երբ լրջագույն աշխատանք է տարվում ցույց տալու, որ Ադրբեջանը սովի ու հուսահատության է մատնում Արցախը, չհայտարարել, որ շրջափակումը ամբողջական չէ կամ անիմաստ աջակցել Ռուսաստանին, որը միջանցքի փակման թիվ մեկ պատասխանատուն է:
Ակնհայտ է, որ սենյակում շարունակվում է ժողով/պայքարը, և, թվում է նախագահ Հարությունյանը առաջարկել/սպառնացել է հրաժարական տալ, եթե պետնախարար Վարդանյանը հրաժարական չտա, որին, կրկին ենթադրում եմ, հետևեց Վարդանյանի երեկվա հայտարարությունը՝ “Ես չեմ պատրաստվում հրաժարական տալ, առավել ևս՝ ստեղծված իրավիճակում։ Միևնույն ժամանակ, անընդունելի է երկրի նախագահի, հետևաբար՝ նաև խորհրդարանի հնարավոր հրաժարականը”։
Չափազանց կարևոր է նաև, որ այս պրկված վիճակում կողմերի PR թիմերը վերջ տան պրիմիտիվ հակաքարոզչությանը, մեկին հերոս, մյուս դավաճան ներկայացնելու մոլուցքը: “Թուրքը տեսնում ուրախանում է, Ադրբեջանի ջրաղացին ջուր եք լցնում” պիտակավորումները տեղին չեն, եթե անգամ PR-ի համար շատ լավ է վճարվում:
Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից