Search
Close this search box.

Ինչ է կատարվում Արցախում

Երեկ տեղեկություն տարածվեց Արցախի ղեկավարության հրաժարականների եւ արտահերթ ընտրությունների վերաբերյալ։ Արցախի ԱԺ ղեկավար Արթուր Թովմասյանը չբացառեց իր թեկնածությունը նախագահի պաշտոնին, Ռուբեն Վարդանյանը հայտարարեց, որ հրաժարական չի տալու, եւ անընդունելի է ստեղծված իրավիճակում երկրի նախագահի, հետևաբար՝ նաև խորհրդարանի հնարավոր հրաժարականը։ «Այս իրավիճակում մենք թշնամու օրակարգը սպասարկելու և հանձնվելու իրավունք չունենք»,- ասել է նա։

Արցախի իրավիճակի վերաբերյալ մեկնաբանությունների ֆոնին, որոնք ինչպես միշտ կտրված են պատճառահետեւանքային ընդհանուր պատկերից, արժե ուշադրություն դարձնել Ռուբեն Վարդայանի հրաժարականի վերաբերյալ մամուլի «արտահոսքի» ձեւակերպումների վրա․ «ԱՀ պետնախարար Ռուբեն Վարդանյանի ձեռնարկած քայլերից մեկը, որը հատկապես նյարդայնացրել է թե՛ Հայաստանի, եւ թե՛ Ադրբեջանի ղեկավարությանը, եղել ադրբեջանական կողմի հետ գլխավոր բանակցող Վիտալի Բալասանյանի հեռացումը Արցախի ԱԽ քարտուղարի պաշտոնից: Ադրբեջանը հստակ պահանջ է դրել, որ Վարդանյանը պետք է հեռանա, իսկ նրա փոխարեն նշանակվի Ադրբեջանի ԱԱԾ ղեկավար Նագիևի համար գերադասելի Արցախի ՆԳՆ նախարար Կարեն Սարգսյանը, որը շատ հաճախ այցելում է Շուշի։ Չնայած Սարգսյանը Արթուր Վանեցյանի խնամին է և Ռոբերտ Քոչարյանի անվտանգության նախկին ղեկավար Գրիշա Սարկիսովի որդին, այդ թեկնածությունն ընդունելի է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար»։

Ինչպես տեսնում ենք, Ռուսաստանը չկա։ Ռուսաստանը ռուսական եւ դրա շարունակություն հայկական քարոզչական դաշըոի,խնամքով մի կողմ է դրված Բերձորի միջանցքի արգելափակումից հետո՝ «Ռուսաստանը հիմա թույլ է, կախման մեջ է Թուրքիայից ու Ադրբեջանից, զբաղված է Ուկրաինայով, Ռուսաստանին ձեռնտու չէ Արցախի հանձնումը Բաքվին, քանի որ դուրս կմնա Հարավային Կովկասից» նարատիվով։ Դրա «հավաստիությունն» ապահովելուն են կոչված վերջին շրջանում Փաշինյան-Պեսկով-Զախարովա լեզվակռիվները, Նիկոլի «արեւմտամետությունը» եւ այլ տեսարաններ՝ Բաքվի ակտիվ ձայնակցությամբ։

«Արտահոսքի» մյուս աչքի զարնող հանգամանքը հայկական ներքաղաքական «ինցեստն» է․ Վանեցյան, Քոչարյան, Փաշինյան, որը «զարմանալիորեն» համընկնում է ՀՀ խորհրդարանի բաղադրությանը, գումարած Վարդանյան։ Կամ ինչպես հայտարարել էր Փաշինյանը ռուսական պլանը պաշտոնապես ընդունելու եւ Հայաստանի իրավունքներից պաշտոնապես հրաժարվելու իր ելույթում՝ «ներքին կոնսենսուսը»։ Երբ է այդպես լինում՝ երբ տերը, կամ սցենարի հեղինակը մեկն է։

Բերձորի միջանցքի փակումը եւ դրա շուրջ Պուտին-Ալիեւ-Փաշինյան կլոունադաները վկայում են Հայաստանի դեմ ծրագրերի հանգուցալուծման ավարտական փուլը։ Եռյակ գարշահոտ պլանով միջանցքի կարգավիճակը պետք է լուծարվի՝ Բաքվի սահմանադրական իրավազորությանը Արցախի ենթարկումով, որից հետո Բերձորում փորձարկված սխեման կիրառվելու է ՀՀ այլ շրջաններում՝ Սյունիքից մինչեւ Տավուշ եւ Երեւան՝ հայկական պետականության վերացմամբ։ Այս հեռանկարը բոլորն են հասկացել, սակայն դրան դիմադրելու համար պետք են իրավիճակի պատճառահետեւանքային կապերի հստակ ընկալում եւ համարժեք գործողություններ։

Ինչ է պետք այս հեռանկարը կանխելու համար։ Արցախը հայերը համարո՞ւմ են Հայաստանի մաս, հայոց հայրենիք։ Խորհրդարանը կազմող ուժերը պատրա՞ստ են քննարկման դնել Արցախի անկախության ճանաչման եւ 1989 թ․ դեկտեմբերին ընդունված Հայաստանի հետ Արցախի վերամիավորման որոշման, 1921-ի ռուս-թուրքական պայմանագրերի հարցերը։ Կարելի է անվերջ դատարկաբանել հետեւանքների շուրջ, քաղաքական խնդիրները նենգափոխել հումանիտարով, դրանից ոչինչ չի փոխվելու։

Իրավիճակը հանգուցալուծվելու է կամ հայկական պետականության վերացմամբ ու զանգվածային ջարդով, կամ «Ադրբեջանի» վերաֆորմատավորմամբ։ Փաշինյանի իշխանությունը եւ նրա «ընդդիմադիր» հենակները սպասարկում են առաջինը: Հայաստանի ու հայ ժողովրդի լուծելիք խնդիրը երկրորդն է։ Ռուսաստանը հեռանալու է՝ անկախ ներհայկական դատարկաբանություններից։ Հայաստանի դեմ 2020-ի սեպտեմբերից Ռուսաստանի ծավալած արշավը իր պատմական նահանջի ռազմավարության մասն է՝ հայերի հաշվին հնարավորինս սահուն ու անկորուստ։

Lragir.am

Please enter a valid URL