Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենո Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հայերս հաճախ ենք զուգահեռներ անցկացնում մեր և հրեաների միջև: Նրանք էլ ունեն բիբիլիական արմատներ, մենք էլ, նրանք էլ են դարերով ապրել առանց պետականության, մենք էլ, նրանք էլ են ցեղասպանվել, մենք էլ, նրանք էլ են աշխարհով մեկ ցրված, մենք էլ, նրանք էլ են օժտված աստվածատուր խելքով ու շնորհով, մենք էլ, և, վերջապես, նրանք էլ են շրջափակված թշնամական օղակով, մենք էլ…
Սակայն, այս նմանություններով հանդերձ, հրեաները տակավին անխոցել են և ուժեղ, իսկ մենք՝ խոցելի և թույլ… Եվ գիտե՞ք ինչու..
Որովհետև հրեաները գերեվարված մեկ զինվորին ազատելու համար պատրաստ են հողին հավասարացնել թշնամական մի ողջ բնակավայր, իսկ մենք, բացի աշխարհին դիմելուց, անկարող ենք որևէ բան անել երկու տարուց ավելի գերության մեջ գտնվող մեր բազմաթիվ զինվորներին վերադարձնելու համար…
Որովհետև, ի տարբերություն հայերի, հրեաները երկրի պաշտոնաթող ղեկավարին ոչ թե համարում են <<նախկին>> կամ <<սև>>, այլ, եթե երկրի շահն է պահանջում, ապա նորից նրան կարգում են իրենց առաջնորդ…
Որովհետև հրեաներն իրենց հայրենադարձ հայրենակցին օդանավակայանում դիմավորում և նրա համար պայմաններ են ստեղծում Հայրենիքում ապրելու և, ապա նաև, Հայրենիքին ծառայելու համար, իսկ մենք, այդպես անելու փոխարեն, հայրենադարձ հային ընդունում ենք որպես օտարերկրյա գործակալի…
Եվ, վերջապես, հրեաները չէին հանդուրժի իրենց հայրենակիցներին, գոնե ժամեր կամ մեկ օր մնալ շրջափակման մեջ, իսկ մենք՝ արցախահայերս, արդեն մեկ ամսից ավելի է, ինչ գտնվում ենք թշնամական խուլ շրջափակման մեջ…
Չէ, մենք, իրոք, ուրիշ ենք… Մենք անընդհատ խաղաղություն ենք մուրում, անգամ, եթե այդ խաղաղության գինը պետականության կործանումն է, իսկ հրեաները՝ խաղաղություն պարտադրելով, պետականություն են պահում…