Search
Close this search box.

Հավանական է, որ առաջիկայում Ադրբեջանը դիմելու է ՀՀ-ի և Արցախի դեմ նոր խոշորածավալ հարձակման

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Ամենակարևորի մասին։

Մեծապես հավանական է, որ առաջիկայում Ադրբեջանը դիմելու է ՀՀ-ի և Արցախի դեմ նոր խոշորածավալ հարձակման՝ նպատակ ունենալով գրավել նոր տարածքներ ու ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքներ։

ՀԱՐՑ. Իսկ ինչպիսի՞ն պետք է լինի ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի ու հայկական բանակի պատասխանն ու ռազմավարական նպատակը։

Կասկած չկա, որ խուլ պաշտպանությունը բերելու է նոր պարտության՝ ինչպես եղավ 2020 թ. 44-օրյա պատերազմի, ապա և 2021 և 2022 թթ. ադրբեջանական ներխուժումների ժամանակ։ Բոլոր այդ դեպքերում Ադրբեջանը հասցրել է առաջին հարվածը՝ հենց դրա շնորհիվ կարողանալով 1) ապահովել հարձակման անսպասելիությունը, 2) կենտրոնացնել բավարար ուժեր իր ընտրած գլխավոր ուղղություններում և 2) պատճառել հայկական կողմին անհամաչափ կորուստներ առաջին իսկ ժամերի ընթացքում։

Հետևաբար, գոնե այս անգամ հայկական կողմն Ադրբեջանին չպետք է ընձեռի առաջին հարվածի հնարավորությունը, այլ հաստատապես տեղեկանալով սպասվող հարձակման մասին, ինքը նախահարձակ լինի՝ ունենալով, ի թիվս պաշտպանողական նպատակների, նաև հետևյալ գլխավոր խնդիրն ու առաջադրանքը՝ ԴԱՐՁՅԱԼ ԱԶԱՏԱԳՐԵԼ ԱՌՆՎԱԶՆ ՔԱՇԱԹԱՂ-ՔԱՐՎԱՃԱՌԸ ԵՎ ԵՐԿՈՒ ՄԱՅՐՈՒՂԻՆԵՐՈՎ ՄԻԱՆԱԼ ԱՐՑԱԽԻՆ։

Թե որքանով են պատրաստ կամ անպատրաստ այս խնդրի լուծմանը ՀՀ և Արցախի զինված ուժերը՝ բոլորովին ուրիշ հարց է։ Բայց նպատակը պետք է այսօրվանից (երեկվանից) դրվի ու դրան հասնելու վճռական փորձ արվի։ Համաշխարհային և հայոց ռազմական պատմության մեջ քիչ չի պատահել, որ օբյեկտիվ պատճառներով թույլ նկատվող կողմը կարողացել է հասնել մեծ հաղթանակների հղփացած և թշնամուն թերագնահատող բանակների դեմ։

Հայաստանը (ներառյալ Արցախը) փրկելու միջոցը սա է, այլ ոչ թե խաղաղապահները կամ ԱՄՆ և Ֆրանսիայի խորհրդարանների խոսնակների փուչ այցերը։

Հայաստանի ռազմավարական նվազագույն խորությունը, Սյունիքի և Գեղարքունիքի անվտանգությունն ապահովող ԱՐՑԱԽԻ ՀԵՏ ՑԱՄԱՔԱՅԻՆ ԱՆԽԱՓԱՆ ԿԱՊԸ ՄԵՐ ԿԱՐՄԻՐ ԳԻԾՆ Է»։

Please enter a valid URL