Search
Close this search box.

«Պատրաստ եմ գերի հանձնվեմ, մենակ թե մամայիս մարմինը տանեմ Մարտունի»․ Դավիթը մոր մարմինը չի կարողացել տեղափոխել Արցախ. 168.am

Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքի բնակիչ 34-ամյա Դավիթ Հարությունյանը դեկտեմբերի սկզբին մոր՝ 56-ամյա Լորետա Հովհաննիսյանի հետ բուժման նպատակով եկել էր Հայաստան և մնացել շրջափակման այս կողմում, իսկ հիմա ոչ թե չի կարողանում մոր հետ տուն վերադառնալ, այլ չի կարողանում մոր մարմինը տեղափոխել հայրենի գյուղ և հողին հանձնել․ տիկին Լորետան հունվարի 4-ին հիվանդանոցում մահացել է։ Այս մասին գրում է 168.am-ը:

Դավիթը 168.am-ի հետ զրույցում պատմեց, որ բուժման նպատակով առաջին անգամ մոր հետ Երևան էր եկել 2022 թվականի նոյեմբերի 10-ին։

«Մամային բուժման նպատակով բերել էի Երևան, որ լեղածորանը ստենդավորեին, լեղապարկն Արցախում էին հեռացրել։ Նոյեմբերի 11-ին մամային բերել ենք Միքայելյան հիվանդանոց, որ վիրահատեին՝ ստենդավորեին, ինձ ասացին՝ 40 րոպեից մինչև 1 ժամ է տևելու, բայց 5 ժամ անցել էր, ոչ մի տեղեկություն չունեի։ Հետո բժիշկն ասաց՝ շատ հնարավոր է, որ ուռուցքային պրոցես կա, լեղածորանը փակ է, չենք կարողանում ստենդ դնել։

Նոյեմբերի 17-ին դրենավորեցին, որ լեղու դեմն առնեին, մաման կարողանար քիմիաներ ընդունել։

Նոյեմբերի 29-ին դուրս են գրել մամային, եկել ենք Հրազդան՝ բարեկամի տուն, 2 օր անց նորից գնացել ենք անալիզներ հանձնել, ասացին՝ դրական է, դեպի լավն է գնում։ Արդեն քիմիաթերապիայի համար խոսել էի, որ այդ պրոցեսից հետո քիմիան սկսեր ընդունել, ինչքան արագ՝ այնքան ավելի լավ, որ ուռուցքի դեմն առնեինք։

Դեկտեմբերի 3-ին մամային տարա տուն՝ Ղարաբաղ, 11-ին նորից հետ եկանք։ 12-ին ճանապարհը փակվեց, դրանից մաման ավելի ընկճվեց՝ բա երեխեքս, թոռներս, դե միայն ես ու մաման էինք, մեր ընտանիքն Արցախում է։

Մտածում էինք՝ շուտ կբացվի ճանապարհը, ես էլ պետք է գնայի, որ փոքր ախպերս գար, ես 3 օր արձակուրդ էի վերցրել, որ մամային բերեի, հետո ախպերս գար ինձ փոխարիներ։

Ամսի 11-ին էլի անալիզների հետ կապված խնդիրներ կար, քիմիան էլի չստացավ, դեկտեմբերի 15-ին պառկեցրել էինք, որ անալիզները կարգավորվեին, բայց ուռուցքն արդեն իր սև գործն անում էր։

Այնպես եղավ, որ մայրս հունվարի 1-ին վատացավ, տեղափոխեցին վերակենդանացման բաժանմունք, հունվարի 4-ին մահացավ․․․ Գնացի ամեն տեղ դիմեցի, որ տանեմ Արցախ, մեր ընտանեկան գերեզմանատանը հողին հանձնենք, բայց չեղավ։ Կարմիր խաչ դիմել եմ, Հայաստանում Արցախի ներկայացուցչություն դիմել եմ, օպերատիվ շտաբ դիմել եմ, ինչքան կառույց կա, բոլորին դիմել եմ, անցած կիրակի մտածում էի՝ գնամ ռուսների հետ խոսեմ, մտածել եմ, գուցե մի ձև անեմ՝ մամայի մարմինը տեղափոխեմ:

7-րդ օրն եմ մորս հողին հանձնել, Արարատի մարզում մի բարեկամ ունենք, իրենց գերեզմանատանը ժամանակավոր հուղարկավորեցինք, մինչև ճանապարհը բացվի՝ տեղափոխենք Արցախ։

Պապայի, եղբայրներիս հետ խորհրդակցեցինք, որ Հայաստանում ժամանակավոր հուղարկավորենք, պայմանով, որ ճանապարհը բացվելուց հետո արտաշիրմում անենք։

Ես պատրաստ եմ թեկուզ գնամ Ադրբեջանում գերի հանձնվեմ, մենակ թե մամայիս մարմինը տանեմ Մարտունի։ Գնամ ադրբեջանցիներին ասեմ՝ ինձ գերի պահեք, մենակ թե մամայիս դիակն անցկացնեմ, էնքան որ, տանենք մեր պապական հողում հուղարկավորենք։

Ես մտածում եմ, որ այնտեղ պետք է ապրեմ, ուրիշ տեղ չունեմ ապրելու, չեմ էլ մտադրվում, պետք է տանեմ այնտեղ, որ թեկուզ մեռելոցի օրերին, իմ ուզած վախտը, երբ նեղսրտեմ, գնամ մամայիս գերեզմանին խունկ ծխեմ, շիրիմին մի հատ ծաղիկ դնեմ, մի քիչ թեթևություն զգամ։

Հիմա Արցախում հայրս է ու 2 եղբայրներս, մեծ եղբայրս ամուսնացած է, կնոջ ու երեխաների հետ, բոլորով միասին ենք ապրում։ Հիմա հորս, եղբայրներիս համար ավելի դժվար է, քան ինձ համար, գնամ, որ այս դժվարությունը միասին հաղթահարենք։

Ես ինձ միշտ հույս էի տալիս, որ մայրս պետք է լավանա, պետք է միասին գնանք, ասում էի՝ մամա, դու պետք է բուժվես, միասին պետք է գնանք տուն, բայց․․․»։

Դավիթն ասում է՝ միայն մի ցանկություն ունի՝ խաղաղություն հաստատվի մեր երկրում, և որևէ մեկը չանցնի այն ամենի միջով, ինչի միջով ինքն է անցել ու դեռ շարունակում է անցնել․

«Միայն խաղաղություն կուզեմ, ուրիշ ոչ մի բան։ Ուզում եմ, որ կարողանամ մորս մարմինը տեղափոխեմ Արցախ, գերեզմանը սարքեմ։ Ես ինձ ուրիշ տեղ չեմ պատկերացնում, թեկուզ Երևանում՝ ապրեմ, աշխատեմ, ես ինձ իմ Մարտունուց բացի՝ ուրիշ տեղ չեմ պատկերացնում, որ կարողանամ ապրեմ։ Ամեն վայրկյան սպասում եմ, որ ճանապարհը բացվի՝ գնամ, հատկապես, որ այս սարսափելի բանը եղավ մեզ հետ․․․»։

Please enter a valid URL