ՄԻՊ աշխատակազմի կողմից հավաքագրած փաստերի՝ հունվարի 12֊ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը Շուշիի հատվածում (շրջափակման վայր) դիտավորյալ կտրել է Հայաստանի Հանրապետությունից դեպի Արցախ եկող հաղորդակցության լարերը՝ Արցախի ամբողջ տարածքում խաթարելով հեռահաղորդակցության և ֆիքսված համացանցի հասանելիությունը։ Այս մասին հաղորդում է Արցախի ՄԻՊ-ը:
Օգտվելով այն հանգամանքից, որ դեպի Արցախ եկող ենթակառուցվածքներն անցնում են ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքներում, ադրբեջանական կողմը միտումնավոր կաթվածահար է անում կենսական նշանակության ենթակառուցվածքների աշխատանքը, որի վառ ապացույցն է գազամատակարարման խաթարումները (2022 թ․ մարտ, 2022 դեկտեմբեր), էլեկտրական բարձրավոլտ լարերի վերականգնմանը հունվարի 9-ից խոչընդոտելը, Արցախի տարածքում համացանցի և բջջային կապի պարբերական խաթարումները։
Արցախի ամբողջական շրջափակման պայմաններում ենթակառաուցվածքային ահաբեկման այս մեթոդը նպատակ է հետապնդում Արցախի խաղաղ բնակչությանը ենթարկելու հավելյալ տառապանքների և մարդկային անտանելի պայմաններ ստեղծելու Արցախում։
Ադրբեջանի վարքագիծը անարգանք է մարդու իրավունքների օրակարգի, մարդսաիրական արժեքների և քաղաքակրթության նկատմամբ։ Պետություններն ու միջազգային կառույցները և առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիան պարտավոր են վերջ դնելու ադրբեջանական հանցավոր ամենաթողությանն ու անպատժելիությանը։