Արցախում առկա է նաև բջջային կապի խափանում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին «Ղարաբաղ Տելեկոմից»։
«Մալուխի վնասման հետևանքով առկա են խափանումներ ֆիքսված ինտերնետային կապի հետ։ Կան խափանումներ՝ բջջային կապի հետ կապված, որը, սակայն, մալուխի վնասմամբ չէ պայմանավորված։ Որոշ բաժանորդներ Արցախից դեպի ՀՀ օպերատորներին հեռախոսազանգեր չեն կարողանում իրականացնել»,-ասացին ընկերությունից։
Նշենք, որ այսօր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը հայտնել էր, որ Արցախում ֆիքսված ինտերնետ կապն ու հեռախոսակապն ընդհատվել է։ Վնասվել էր այն մալուխը, որը գտնվում է Լաչինի միջանցքի հատվածում, որտեղ Ադրբեջանի իշխանությունների կողմից հավաքվել են կեղծ էկոակտիվիստները։
Հիշեցնենք, որ հունվարի 10-ի Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդագրության համաձայն` Արցախը Հայաստանից սնուցող միակ՝ Գորիս-Ստեփանակերտ բարձրավոլտ գծի 110 կՎ 33-րդ կմ-ում արձանագրվել է վթար։ Ըստ սարքավորումներով արձանագրված տվյալների` վթարը տեղի է ունեցել Աղավնո-Բերձոր հատվածում։ Տվյալ իրավիճակից ելնելով` իրականացվում են հովհարային անջատումներ։