Դպրոցներում և մյուս ուսումնական հաստատություններում համաճարակային առումով իրավիճակը վերահսկելի է։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Առողջապահության նախարարության հետ համատեղ հետևում ենք իհարկե համաճարակային իրավիճակին և համապատասխան ցուցումների պարագայում պատրաստ կլինենք քայլեր ձեռնարկել»,–ասաց նախարարը։
Անդրեասյանընշեց, որ դասապրոցեսի ընդհատում չունենալու և համաճարակի տարածումը կանխելու համար նախարարությունը համաճարակային ֆիլտր է գործածում, որ հիվանդ երեխաներն ու աշխատակիցներն ուղղակի չհաճախեն դպրոց։
Նախարարն ընդգծեց, որ կորոնովիրուսի ժամանակահատվածը սովորեցրել է` ինչպես աշխատել նման իրավիճակներում։ Խոսքը, մասնավորապես, հեռավար ուսուցման անցնելու մասին է։
«Իրավիճակը գտնվում է անընդհատ մշտադիտարկման տակ, և, եթե կարիք լինի, իհարկե լրացուցիչ հարցեր կքննարկվեն, բայց այս պահին նման կարիք չկա»,–ասաց նա։