Ճապոնիայի կառավարության նվիրած շտապօգնության 39 մեքենաներից 1-ը ՀՀ կառավարության որոշմամբ կհանձնվի Ազգային անվտանգության ծառայությանը` Պետական պահպանության ծառայության կողմից շահագործելու նպատակով։
ՀՀ պետական պաշտոնյաներին սպասարկելու համար կհատկացվի շտապօգնության հատուկ մեքենա, որը կշահագործվի ոչ թե Շտապօգնության ծառայության, այլ ՊՊԾ–ի կողմից։
Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության` առանց զեկուցման ու քննարկման։
Ճապոնիայի կառավարությունը Հայաստանին է նվիրել 2022 թվականի արտադրության «Տոյոտա TOYOTA HIACE 2.8 D մակնիշի շտապօգնության 39 ավտոմեքենաներ: Դրանցից 38–ը կառավարությունը որոշել է փոխանցել «Շտապօգնություն» ՓԲԸ–ին, 1—ը` ՊՊԾ–ին։
«Պետական պահպանության ծառայության գործառույթների իրականացման նպատակով, այն է`համապատասխան պետական պաշտոնատար անձանց բժշկական օգնության և սպասարկման տրամադրման ապահովման համար,Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանի Հանրապետությանը նվիրված 2022 թվականի արտադրության «Տոյոտա Հիացե 2.8Դ (TOYOTA HIACE 2.8 D)» մակնիշի թվով 39 շտապ օգնության մեքենաներից 1-ը ամարցվում է Ազգային անվտանգության ծառայությանը` այն Պետական պահպանության ծառայության կողմից շահագործելու նպատակով»,– հրապարակված է կառավարության կայքում:
Կառավարության հաշվարկով, հետևյալ փոփոխությունների արդյունքում «Շտապօգնություն» ՓԲԸ–ի ավտոպարկը կհամալրվի 2020-22թթ արտադրության 50 շտապօգնության ավտոմեքենաներով: Առողջապահության նախարարությունը կստանա 2011 և 2018թթ–ի արտադրության 40, ԱԱԾ–ն` 2022թ–ի արտադրության 1 շտապօգնության ավտոմեքենա։