ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան այսօր ճեպազրույցում հայտարարել է, որ «Բաքվի հետ խաղաղության պայմանագրի մշակման հարցում 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին ապավինելու Երևանի համաձայնությունը, որն ամրագրված էր 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում կայացած հանդիպմանը հաջորդած հայտարարության մեջ, արմատապես փոխեց բանակցային գործընթացի տրամաբանությունը»։
«Ալմա-Աթայի հռչակագրով հաստատվել է Խորհրդային Միության հանրապետությունների միջև գոյություն ունեցող սահմանների անձեռնմխելիությունը։ Այդ ժամանակ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը մտնում էր Ադրբեջանական ԽՍՀ կազմի մեջ։ Իհարկե, այս հանգամանքը շատ դժվար է անտեսել Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացում», ընդգծել է նա։
Վերջապես եկան կարեւորագույն կետին։ Իհարկե, Փաշինյանը, հղում անելով Ալմա-Աթայի հռչակագրին, նույնպես ելնում է Արցախի՝ Ադրբեջանական ԽՍՀ-ին պատկանելությունից։ Սակայն իրողությունն այն է, որ Ալմա-Աթայի հռչակագրի ստորագրման պահին Արցախը Ադրբ․ԽՍՀ մաս չէր համաձայն ԽՍՀՄ այդ պահին գործող օրենսդրական նորմերի։
Հայաստանի ղեկավարի աթոռին նստած թշնամին երկու օր է, օգտագործելով ՀՀ պետական հարթակները եւ միջոցները, Բաքվի ամբողջականության եւ իրավունքների ճանաչման ծրագրային լայնածավալ արշավ է սկսել։ Փաշինյանի թշնամական քարոզը բացել է ոչ միայն ցապար ցեղերի պարագլուխ Ալիեւի, այլեւ ՌԴ պաշտոնական ներկայացուցիչների լեզուն, Կրեմլին հնարավորություն տալով փախչել պատասխանատվությունից։ Թշնամական տանդեմի ծրագրերի լեգիտիմացումը Փաշինյանի կողմից իրագործվում է ամենաստոր ձեւով․ պատահական չէ, որ հերթական նման ակտը տեղի է ունենում Ֆրանսիայի ԱԺ նախագահի՝ Երեւան այցի նախօրեին։ Փաշինյանի կողմից սա արդեն թիկունքից երրորդ հարվածն է Ֆրանսիային, որը փորձում է հայկական խնդիրները հանել եռակողմ ոճրի շրջանակներից։
Lragir.am