Search
Close this search box.

Դժվար է գնահատական տալ հայկական կողմի դիրքորոշմանը. Զախարովա

Դժվար է գնահատական տալ հայկական կողմի դիրքորոշմանը, երբ պաշտոնական Երևանի հայտարարությունները նույն հարցի շուրջ էապես տարբերվում են։ Նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նշենք, որ հունվարի 10-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է ռուսական առաջարկների հիման վրա փաստաթուղթ ստորագրելու մտադրության ու Արևմուտքի կողմից առաջ մղվող հակամարտության համալիր լուծման մասին։

ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի հայտարարության մեջ ասվում է, որ, այնուամենայնիվ, խաղաղության պայմանագրի շուրջ հայ-ադրբեջանական բանակցությունների համար հարթակ տրամադրելու ռուսական առաջարկը մնում է ուժի մեջ։

«Եթե հայ գործընկերներն իսկապես շահագրգռված են նշված խնդիրները լուծելու բարձր մակարդակով և եռակողմ պայմանավորվածությունների համալիր իրականացման հունով, ապա մտավարժանքներով զբաղվելու փոխարեն անհրաժեշտ է շարունակել համատեղ աշխատանքը»,–նշել է Զախարովան։

Բացի այդ, ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել են, որ Բաքվի հետ խաղաղության պայմանագիր մշակելիս Երևանի համաձայնությունը հիմնվել է 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա, որն ամրագրված էր 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում կայացած գագաթնաժողովի արդյունքներով արված հայտարարության մեջ: Դա արմատապես փոխել է բանակցային գործընթացի տրամաբանությունը։

Ալմա-Աթայի հռչակագրում հաստատվում է սահմանների անձեռնմխելիությունը, որոնք գոյություն ունեին Խորհրդային Միության հանրապետությունների միջև: Այդ ժամանակ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Ադրբեջանական ԽՍՀ մաս էր կազմում։ Անշուշտ, այս հանգամանքը շատ դժվար է անտեսել Բաքվի և Երևանի միջև խաղաղ գործընթացում։

Please enter a valid URL