ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ: Ինչպես հայտնում է Կրեմլի կայքը, քննարկվել են ռուս-իրանական օրակարգի արդի հարցերը՝ շեշտը դնելով երկկողմ համագործակցության ամբողջ շրջանակի հետագա զարգացման վրա։
Մասնավորապես, նախագահները կողմ են արտահայտվել էներգետիկայի, տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտներում փոխշահավետ նախագծերի հետևողական իրականացմանը։
Միջազգային հարցերը քննարկելիս նախագահները երկուստեք դրական են գնահատել Աստանայի գործընթացի շրջանակում հաստատված սերտ համակարգումը, որն առանցքային դեր ունի սիրիական կարգավորման գործում։
Մտադրություն է հայտնվել շարունակելու համագործակցությունը՝ Սիրիայի Արաբական Հանրապետությունում իրավիճակի կարգավորման և նրա տարածքային ամբողջականության վերականգնման նպատակով։
Մինչդեռ իրանական Mehr գործակալությունը, անդրադառնալով զրույցին նշում է, որ Ռաիսին նաև ընդգծել է, որ միայն համագործակցության և համակարգման միջոցով կարող են լուծվել տարածաշրջանային խնդիրները, այդ թվում՝ Կովկասի և Սիրիայի խնդիրները, և հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը մշտապես կարևորում է տարածաշրջանային ինտեգրացիայի ամրապնդումը և դատապարտում է արտաքին միջամտության վնասակարությունը տարածաշրջանային հարցերում։