72 ժամով ձերբակալվել են ՀՅԴ կուսակցության Արարատի մարզային կառույցի ակտիվ անդամներ Գառնիկ Մանուկյանը և Արտավազդ (Աշոտ) Մարգարյանը, կուսակցության համակիր Հունան Մելքոնյանը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:
Հիշեցնենք, որ հունվարի 11-ի վաղ առավոտից իրավապահները խուզարկություններ են իրականացրել ՀՅԴ Արարատի մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանի` Արտաշատում գտնվող տանը։ Վարդանյանին այսօր կանչել են նաև ՔԿ Արարատի մարզային վարչություն։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն էլ Sputnik Արմենիային հայտնել էր, որ Արարատի մարզում և Երևանում խուզարկություններ են իրականացվում նաև այլ ՀՅԴ–ականների տներում։
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի՝ խուզարկությունները կատարվել են ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (օրինական կամ անօրինական հավաքին մասնակցելուն հարկադրելն անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ շանտաժի միջոցով) նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։