Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի Անվտանգության խորհուրդն արձագանքել է Փաշինյանի երեկվա հայտարարություններին

Արցախի գործադիր իշխանությունն ու խորհրդարանական ուժերը քննադատում են Հայաստանի վարչապետի երեկվա հայտարարությունները՝ շեշտելով, որ դրանք չեն համապատասխանում ինչպես համազգային պայքարի գաղափարներին, այնպես էլ Արցախի բնակչության և իշխանությունների որդեգրած դիրքորոշմանը։

«Մենք գիտակցում ենք բոլոր այն հետևանքները, որոնք բխում են մեր որդեգրած քաղաքական գծից և վերահաստատում ենք մեր դիրքորոշումն առ այն, որ Արցախի ինքնիշխանությունը և պատմական հայրենիքում ազատ ու անկախ ապրելու իրավունքը բացարձակ արժեքներ են: Որևէ պարտադրանք կամ սպառնալիք չի կարող մեզ հետ պահել պայքարը շարունակելու մեր կայացրած որոշումից», — նշված է այսօր Արցախի խորհրդարանի քաղաքական բոլոր ուժերի մասնակցությամբ Անվտանգության խորհրդի նիստում ընդունված հայտարարության տեքստում։

Ստեփանակերտը Հայաստանի իշխանություններին հորդորում է առաջնորդվել բացառապես Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը միջազգային ատյաններում առաջ տանելու և պաշտպանելու դիրքորոշմամբ։

Նիկոլ Փաշինյանը երեկ ասուլիսի ընթացքում հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է զբաղվի Լեռնային Ղարաբաղի հարցով, Հայաստանն էլ կաջակցի։ Նաև ընդգծել էր, որ փաստացի այսօր էլ, երեկ էլ ամբողջ միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղն ընկալել է որպես Ադրբեջանի մաս. — «Ես արդեն ասեցի, որ աշխարհում չկա և չի եղել մի երկիր, որ Լեռնային Ղարաբաղը չճանաչի որպես Ադրբեջանի մաս։ Չկա և չի եղել։ Եվ մենք ունենք ընտրություն. դասավորվել միջազգային զարգացման տրամաբանության մե՞ջ, թե՞ հակառակ էդ տրամաբանության։ Էրկուսն էլ ընտրություն ա, բայց էրկու ընտրությունն էլ ունի արդյունքը և/կամ հետևանքը։ Եվ մեր ընտրությունը պետք ա լինի դրա մեջ»։

Նիկոլ Փաշինյանը, սակայն, ուղիղ պատասխան չէր տվել լրագրողի հարցին՝ ընդունելի՞ է Հայաստանի համար, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանի կազմում։

Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունն էլ է քննադատում Փաշինյանի հայտարարությունները
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը Արցախի կարգավիճակի վերաբերյալ Փաշինյանի ձևակերպումը մանիպուլյացիա է որակում. — «​Փաշինյանը փորձում է ներկայացնել, որ այն փաստը, որ առհասարակ առկա էր քննարկում էդ հարցի շուրջ, ենթադրում ա, որ Արցախը պետք է հայտնվեր Ադրբեջանի կազմում։ Հիմա պարզ մի քանի հարց եմ տալիս։ Իհարկե, եթե միջազգային հանրությունը ընդուներ, որ Արցախը չի մտնում Ադրբեջանի կազմում, ինչի՞ համար էր ստեղծվում Մինսկի խումբը, կդադարեր գոյությունը, Արցախի խնդիրը լուծված կլիներ»։

Ստեփանակերտից նաև Ադրբեջանի նախագահի երեկվա հայտարարություններին են անդրադարձել։ Արցապի Անվտանգության խորհդրի հայտարարությունում շեշտվում է, որ դրանք հերթական անգամ փաստում են՝ Լաչինի միջանցքի փակելը ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի իշխանությունների կողմից ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում ուժի սպառնալիքի կիրառման ակնհայտ դրսևորում:

«Ով չի ցանկանում մեր քաղաքացին լինել, Լաչինի ճանապարհը փակ չէ, բաց է», — երեկ հայտարարել է Ալիևը։

Նա երեկ ադրբեջանական հեռուստաալիքների հետ զրույցում բացեիբաց հայտարարել էր՝ Ղարաբաղում բնակվող հայերը կա՛մ պետք է լքեն երկրամասը, կա՛մ էլ ադրբեջանական քաղաքացիություն ընդունեն։ Ալիևը Լեռնային Ղարաբաղի շրջափակման մասին հայտարարությունները «անամոթություն» է անվանում։

Please enter a valid URL