Search
Close this search box.

Տարոն Մարգարյանին գույքի բռնագանձման պահանջ է ներկայացվել

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջել է դատարանից բռնագանձել Երևանի նախկին քաղաքապետ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանից և նրա հետ փոխկապակցված վեց անձից։ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել այս հայցադիմումը, հայտնում են Դատախազությունից։

Ըստ Դատախազության հաղորդագրության՝ բռնագանձման ենթակա է Երևանում գտնվող վեց բնակելի տուն, մեկ հասարակական նշանակության տարածք, Ջերմուկում գտնվող մեկ ամառանոց, երկու տրանսպորտային միջոց, Երևանում գտնվող մեկ անշարժ և երեք շարժական գույքերի միջին շուկայական արժեքներ և այլն։

Սա ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ քսանչորսերորդ հայցադիմումն է։

Գլխավոր դատախազությունը նախորդ ամռանը ծանուցագիր է ուղարկել Երևանի նախկին քաղաքապետին՝ տեղեկացնելով, որ իր ու իր հարազատներին պատկանող գույքի ծագման օրինականությունն ուսումնասիրել են, կազմել են ամփոփագրեր։ Իրավապահները համարում են, որ Տարոն Մարգարյանն իր ունեցվածքի մի մասը ապօրինի է ձեռք բերել։

44-ամյա Մարգարյանը որպես պատգամավոր 2021-ին հայտարարագրել է 1 շինություն Վայոց ձորի մարզում, 2007 թվականի արտադրության «Մերսեդես» ավտոմեքենա, 44 հազար դոլար, 45.000 եվրո, 420 հազար ռուբլի, 89 միլիոն դրամ։ Նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որդին 23 տարեկանից զբաղեցրել է տարբեր պետական պաշտոններ և իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվել 2018-ի հեղափոխությունից հետո։

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի առաջնորդած Հանրապետական կուսակցության Գերագույն մարմնի անդամը Երևանը ղեկավարել է 7 տարի։ Հեղափոխությունից հետո նրան մեղադրանք առաջադրեցին պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար։

Please enter a valid URL