Hraparak.am-ը գրում է․ Այսօր քաղաքացի Կ. Ք.-ն դիմել է «Հրապարակի» խմբագրություն՝ նշելով, որ 2022 թվականի դեկտեմբերի 30-ին Տիգրան Մեծի պողոտայում գտնվող «Երևան սիթի» սուպերմարկետում կորցրել է մոտ 50 հազար դրամի ապրանք, սակայն սուպերմարկետը չի փոխհատուցում այն:
«Ինչպես գիտենք՝ սուպերմարկետներում հաճախորդին տոպրակներով ներս մտնել չեն թողնում, ստիպում են նախամուտքում տեղադրված հատուկ՝ կոդավորվող դարակներում իրերը թողնել:
Դեկտեմբերի 30-ին գնացել էի Տիգրան Մեծի պողոտայում գտնվող «Երևան սիթի»՝ Ֆիրդուսի շուկայի դիմաց, իրերս թողեցի կոդավորվող դարակում և առաջ անցա՝ գնումներ կատարելու: Վերադարձա դարակը բաց էր, իրերս չկային:
Արդեն երկու շաբաթ է անցել, դիմել ենք սուպերմարկետի տնօրինությանը, սակայն ասում են, թե իրենք ոչ մի պատասխանատվություն չեն կրում: Կորցրել եմ 50 հազար դրամի ապրանք, 10 հազար դրամ են փոխհատուցել, մուննաթով նշեցին, որ դա էլ պարտավոր չեն, ուղղակի լավություն են անում», — պատմում է քաղաքացին:
Մենք դիմեցինք «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցի անվտանգության բաժնի ղեկավարին, վերջինս տեղի ունեցածը հաստատեց ու հավելեց, որ սուպերմարկետը կորցրած իրերի համար որևէ պատասխանատվություն չի կրում.
«Դեպքին ծանոթ ենք, քաղաքացու օծանելիքները դարակից կորել են, սակայն հենց այդ դարակների վրա նշված է, որ սուպերմարկետը կորած իրերի համար որևէ պատասխանատվություն չի կրում, մենք որևէ մեկին չենք ստիպում իրերը թողնել դարակում», -նշեց մեր զրուցակիցը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում