Aravot.am-ը գրում է. Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց «Հայաստան» խմբակցության հեղինակած «Հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողի ընտանիքի անդամների երաշխիքների մասին» նախագիծը, որով առաջարկվում է զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին աջակցել հիփոթեքային վարկը մարելիս, ընտանիքի անդամ հանդիսացող, մինչեւ 25 տարեկան երեխաների ուսման վարձը փոխհատուցել, հողի, ոռոգման ջրի վարձավճարները փոխհատուցել, առողջապահության ծառայություններ տրամադրելիս արտոնություններ սահմանել եւ այլն:
Նախագիծը ներկայացնելիս զեկուցող Գեղամ Նազարյանն ասաց, որ պատերազմից հետո Հյուսիսային պողոտայում նվագում ու պարում էին, տոնածառի լույսերով հիանում: ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանի համար անհասկանալի էր՝ ինչո՞ւ է Գեղամ Նազարյանը նեղվել Հայաստանում պատերազմից հետո տոնական միջոցառումներից: Նա ասաց, որ նախ զինծառայողների ընտանիքները արտոնություններ հիմա էլ ունեն, ուսման վարձը 50% զեղչվում է, առողջապահական ծառայություններից օգտվելու բացառիկ արտոնություններ ունեն ու այդ բեռը պետությունն իր վրա է վերցնում.
«Դուք նշում եք՝ տոնական միջոցառումներ են անում, Նոր տարվա քեֆեր: 92-ի առաջին արցախյան պատերազմից հետո մեր երկրում նույնպես տեղի են ունեցել տոնական միջոցառումներ եւ պետք է տեղի ունենան, ապրիլյան պատերազմից հետո տեղի են ունեցել ու պետք է տեղի ունենան, այսուհետ նույնպես մենք պարտավոր ենք մեր կյանքի հունը չփոխել ու որեւէ պատերազմ, որեւէ սադրանք թշնամու կողմից չպետք է մեզ շեղի մեր ճանապարհից: Համոզված եմ, եթե մենք գնանք սգալու ճանապարհով, որեւէ նպաստ չենք բերի ո՛չ զոհված զինծառայողների ընտանիքներին, ոչ էլ նրանց կյանքը զոհաբերած գաղափարին: Նրանք չեն զոհվել, որ մենք հավերժ սգանք, զոհվել են, որ մենք մեր կյանքը շարունակենք: Նաեւ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին այս տրամաբանությունով է գնացել պետությունը ու տոնական միջոցառումներ եղել են՝ անկախ նրանից, թե այդ տարի քանի զինծառայող է զոհվել թշնամու սադրանքներից: Խնդրում եմ սա ընդունել ի գիտություն ու այս տարի խնդրում եմ այս թեմային չանդրադառնանք, որովհետեւ սա դառնում է մի հատ փակ շղթա՝ մեղադրանքներ, մեղադրանքների պատասխաններ, որոնք որեւէ տեղ չեն տանում մեր երկրին»:
Գեղամ Նազարյանն արձագանքեց, որ չի ասում սգանք, պարզապես առաջարկում է բարոյական ապրել:
ՔՊ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն ասաց, որ նախագծի գաղափարը լավն է, բայց Գեղամ Նազարյանն այն տապալեց ներկայացնելիս:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։