Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյան- Ռոբերտ Քոչարյան դաշինքը` որպես Հայաստանի գոյության սպառնալիք

2023 թվականի հունվարն է: Նիկոլ Փաշինյանը անթաքույց հայտարարում է, որ ինքն ու իր իշխանությունը սպասարկում են Ադրբեջան-Թուրքիա դաշինքի քաղաքական օրակարգը՝ Հայաստանի, որպես պետություն, ոչնչացումը:

Հայաստանին կարելի էր համարել Ադրբեջանի և Թուրքիայի դաշնակից, բայց նրանց դաշնակից պետք չէ, նրանց պետք է լուծարել ու կլանել Հայաստանը: Նիկոլ Փաշինյանի ծրագրերի իրականացմանը դիմադրություն չկա, դիմադրող չկա:

Նման դեպքերում դիմադրության կազմակերպողը պետք է լիներ ընդդիմությունը: Արտախորհրդարանական ընդդիմությունը վաղուց Նիկոլի գրպանում է, և այդ ծրագրերի իրականացմանը աջակցում է բացահայտ: Խորհրդարանական ընդդիմությունն էլ Ռոբերտ Քոչարյանի գրպանում է, իսկ Քոչարյանն էլ Փաշինյանի գրպանում կամ ձեռք-ձեռքի տված: Հասարակությունը շվարած է, որովհետև մի իրավիճակում, երբ բոլորը գործում են երկրի և հայրենիքի դեմ, դժվար է հասկանալ ու կողմնորոշվել, թե որ կողմում է թշնամին, որտեղ դաշնակիցն ու փրկությունը:

Նիկոլ Փաշինյանի վարկանիշը մոտեցել է զրոյի, ու դրանից էլ պակաս է: Նա անշուշտ գիտի դրա մասին, այլապես երբ լուսանկարվում է Աբովյան փողոցում, գոնե մի մարդ կգտներ, որ դեկորացիայի համար կանգներ հետևի պլանում: Հիմա դժվար է մեկ մարդ գտնել, ով հրապարակային կաջակցի նրան: Կարող էին Ռոբերտ Քոչարյանի կամ նրա խմբակցության անդամներից մեկին կանգնեցնել, բայց դրանից լուսանկարը ավելի զզվելի ու նողկալի կլիներ, բայց կարտացոլեր իրական վիճակը:

Նիկոլ Փաշինյանը Աննա Հակոբյանի հետ թևանցուկ, իսկ Ռոբերտ Քոչարյանը և ՀՅԴ ակտիվը նրանց թիկունքում. դրանից էլ ռեալիստական լուսանկար:

2023 թվականի հունվարն է. եթե 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունները չլինեին, այս տարի պետք է հերթական ընտրություններ լինեին, և այդ դեպքում Փաշինյանը հաղթելու որևէ շանս չէր ունենա: Ոչ թե այն պատճառով, որ չէր կարողանա կեղծել ընտրությունները, այլ որովհետև տեղի կունենար համաժողովրդական ընդվզում, իրական հեղափոխություն, որի նպատակը կլիներ Հայաստանի փրկությունը:

Հայաստանը մինչև այս տրվա վերջ ձգելու ռեսուրս ունի, դրանից ավել՝ դժվար թե: Հերթական ընտրություններ տեղի չեն ունենա, քանի որ 2021 թվականին տեղի են ունեցել արտահերթ ընտրություններ: Միացյալ ընդդիմությունը՝ այդ թվում Սերժ Սարգսյանի ղեկավարած ՀՀԿ-ն , դեմ էին Փաշինյանի առաջարկած արտահերթ ընտրությունների գաղափարին՝  հասկանալով, որ պատերազմի բերած, պարտություն և ողբերգություն չհաղթահարած, ընկճախտի մեջ գտնվող հասարակությունը ընդունելու է ցանկացած արդյունք, բայց Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց՝ «կռելու եմ» ու պառակտեց ընդդիմության առերևույթ միասնականությունը. ՀՅԴ-ն միանգամից հայտարարեց, որ մասնակցելու է ընտրություններին, ի վերջո, ՀՀԿ-ն ևս մտավ խաղի մեջ, ավելի բնական դարձնելով այն: Քոչարյանը «կռեց», բայց ոչ թե Փաշինյանին, այլ հայ ժողովրդին ու Հայաստանին:

Անցած մեկուկես տարվա ընթացքում Քոչարյանի ձևավորած խմբակցությանը մաս կազմած բազմաթիվ պատգամավորներ հասկացան, որ Քոչարյանը դաշինքի մեջ է Փաշինյանի հետ, և կամավոր դուրս եկան այդ կեղտից՝ հույս ունենալով, որ կարող են գոնե ազատվել Հայաստանի ոչնչացման հարցում ունեցած անձնական մասնակցության պատասխանատվությունից:

Մյուսները շարունակում են ընդդիմություն աշխատել Փաշինյանի մոտ, ու շռայլորեն վարձատրվել Հայաստանի կործանման հիմնադրամից: Բոլոր նրանք, ովքեր շարունակում են մնալ Հայաստան խմբակցությունում, գիտակցված ու ջանասիրաբար ծառայում են Փաշինյանին ու սպասարկում են Հայաստանի լուծարման օրակարգը, անկախ նրանից, թե ինչ են խոսում կամ լռում: Սրա մասին պետք է հայտարարել, որ սրանց չթվա, թե իրենք ՔՊ-ականներից ինչ-որ բանով ավելի լավն են, կամ ավելի պակաս թրքահպատակ ու Ալիևի ծառա են:

Քանի դեռ հայ հասարակությունը չի հասկացել ու ընդունել, որ գործող ընդդիմությունը Փաշինյանի դաշնակիցն ու աջակիցն է՝ Հայաստանը կործանելու ծրագրերի իրականացման մասով, քանի դեռ հայ հանրային ու քաղաքական միտքը իր գիտակցության մեջ սրանց երկուսին էլ չի ուղարկել քաղաքական աղբանոց, հանրային ինքնակազմակերպում նոր ուժի, նոր առաջնորդի շուրջ հնարավոր չէ: Իսկ համախմբվել պետք է՝ հանուն Հայաստանի և հայ ժողովրդի փրկության:

Armlife.am

Please enter a valid URL