Search
Close this search box.

Ով է փակել Բերձորի միջանցքը․ ուշագրավ տվյալներ են հրապարակվել

Բաքուն պնդում է, որ չի շրջափակել Բերձորի միջանցքը։ Մոսկվան իր հերթին պնդում է, որ ինքը չի շրջափակել Բերձորի միջանցքը։ Մոսկվան նաեւ չի ասում, թե ով է շրջափակել միջանցքը, իսկ ՄԱԿ ԱԽ-ում տապալելով այդ հարցով բանաձեւի ընդունումը, ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչը պարզաբանել էր, որ այդ բանաձեւի տեքստում «միակողմանի մեղադրանք կար կողմերից մեկի հասցեին»։

«Կողմերից մեկը» Բաքուն էր, այսինքն ՌԴ-ն չի ցանկացել, որ արձանագրվի, որ Բաքուն շրջափակել է միջանցքը։ Դա նշանակում է, որ միջանցքի շրջափակումը Մոսկվա-Բաքու համաձայնություն է։ Կամ էլ՝ միջանցքը փակվել է ինքն իրեն։

Բերձորի միջանցքին ռուս «խաղաղապահներ»-ցապար ցեղերի ակտիվիստներ միմոսությունները դրանով չեն ավարտվում։ Բաքուն պնդում է, որ միջանցքը շրջափակված չէ, եւ երեկ որպես ապացույց միջանցքով անցուդարձի «վիճակագրություն է» հրապարակել։

Ըստ դրա՝ շրջափակումից ի վեր 27 օրվա ընթացքում «երկու ուղղություններով իրականացվել է 370 տարբեր տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժ, որից 330-ը՝ ռուս խաղաղապահների կողմից, 31-ը՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (այդ թվում շտապ օգնության մեքենաներ), իսկ շտապ օգնության 3 մեքենաները՝ «Արցախի բնակիչների կողմից»:

Արցախի դատախազությունն, անդրադառնալով այս հրապարակումներին, տարածել է հաղորդագրություն, որում ասվում է․ «ադրբեջանական թեզի մերկ լինելը փաստելու համար բավարար է ընդամենը երեք վիճակագրական տվյալի բացահայտումը. մինչ Արցախը Հայաստանի հետ կապող միակ՝ Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհն արգելափակելը, 2022թ. նոյեմբեր ամսվա ցուցանիշների համաձայն, ՀՀ-ից Արցախ էր մատակարարվել օրական 380-400 տոննա սննդամթերք և հանրային կարիքների համար նախատեսված այլ ապրանքներ (27 օրում՝ 10.260-10.800 տոննա), «Լաչինի միջանցքով» մեկ ուղղությամբ՝ Հայաստանից Արցախ էր մեկնել օրական միջինը 454 մեքենա (27 օրում՝ 12.258), ավելի քան 1.200 մարդ (27 օրում՝ 32.400):

Հատկանշական է, որ հիշյալ ցուցանիշները փոքր են ոչ միայն 2020թ. 44-օրյա պատերազմին նախորդող ժամանակահատվածի, այլև 120.000-անոց բնակչության միջին մակարդակի բարեկեցությունն ապահովելու համար անհրաժեշտ պահանջարկի համեմատությամբ: Ադրբեջանական լրատվամիջոցները վերոհիշյալ հրապարակմամբ հաստատել են նաև այն, որ 27 օր Արցախի Հանրապետության բնակիչները զրկված են միջանցքով տեղաշարժվելու և Հայաստանի Հանրապետության հետ կապի հնարավորությունից, միջանցքում երթևեկել են բացառապես ռուս խաղաղապահները և ԿԽՄԿ ներկայացուցիչները»:
lragir. am

Please enter a valid URL