Ալիեւն իր ասուլիսը հրավիրել էր Փաշինյանից կես ժամ շուտ, սակայն ըստ էության սկսեց կես ժամ ուշ, եւ սկզբում խոսում էր սոցիալ-տնտեսական թեմաներից։ Ակնհայտ էր, որ նա «հետեւում էր» Փաշինյանին ուղիղ ռեժիմով, ինչպես նաեւ Կրեմլի խոսնակը, որը չափից ավելի օպերատիվ արձագանքեց Հայաստանում ՀԱՊԿ զորավարժություն անցկացնելու աննպատակահարմարության մասին Փաշինյանի հայտարարությանը։
Փաշինյանի ասուլիսները, ելույթները Մոսկվայի ու Բաքվի համար են՝ ամեն անգամ նա հաստատում է զիջումների պարտավորվածությունները, հայ հանրության համար դոզավորված բացահայտում նոր զիջումները եւ երաշխավորում, որ դուրս չի գա եռակողմ պայմանավորվածությունների շրջանակից։
Սովորաբար, Մոսկվան ու Բաքուն Փաշինյանին արձագանքում էին նրա ասուլիսներից ու ելույթներից հետո, «հիմնավորելով» Փաշինյանի զիջումների անհրաժեշտությունը։ Սակայն այս անգամ դա տեղի ունեցավ Փաշինյանի ասուլիսի ընթացքում, Կրեմլը եւ Բաքուն պահում էին Փաշինյանի դամը ուղիղ ռեժիմով, որ հանկարծ ավել-պակաս դուրս չտա։
Համադրումն ակնհայտ է, իսկ «ուղիղ ռեժիմի» անցնելը վկայում է մի շարք իրողություններ։ Ռուսաստանը ներքին ու արտաքին բարդացող իրավիճակում արագացնում է Հայաստանի պետականության ոչնչացման իր ծրագրերը, Հարավային Կովկասից անխուսափելի նահանջից առաջ։ Նահանջից հետո Հայաստան չպետք է լինի՝ սա Մոսկվայում արդեն չեն էլ թաքցնում։
Իր հերթին, Բաքուն չափից ավելի ծանր բեռ է ստանձնել, որի տակից միայն Մոսկվայի օգնությամբ դուրս գալն անհնար է։ Դրա վկայությունն են Ալիեւի երկու հայտարարություններն ասուլիսի ժամանակ․ 1․ «Զանգեզուրի միջանցքի» իրականացումը «պատմական անհրաժեշտություն է», եւ դա լինելու է, անկախ նրանից՝ Հայաստանը կցանկանա, թե ոչ։ 2․ Այս տարին Հայաստանի համար վերջին հնարավորությունն է խաղաղության պայմանագիր կնքելու, սահմանազատում անելու համար։
«Որովհետեւ կգա 2024 թվականը, իսկ հետո 2025 թվականին ավարտվում է Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունը։ Նրանք իրենց քթից մի փոքր ավելի հեռուն պետք է տեսնեն։ Եթե նրանց հետաքրքիր չէ, ապա մեզ էլ դա պետք չէ։ Եթե նրանց չի հետաքրքրքում սահմանազատումը, ապա մեզ էլ այն պետք չէ։ Դա նշանակում է, որ սահմանը կանցնի այնտեղով, որտեղով մեր կարծիքով պետք է լինի։ Ես արդեն ստիպված եմ նման տերմիններ օգտագործել։ Եթե սահմանը սահմանազատված չէ, ապա ո՞վ կարող է ասել, որ սահմանն անցնում է այստեղով, ոչ թե այնտեղով։ Ուստի այս հարցը նրանց ավելի շատ պետք է անհանգստացնի, քան մեզ», ասել է Ալիեւը՝ հավելելով, որ «այս տարին շատ հարցերում հստակություն կբերի»։
Մոսկվայում, Անկարայում ու Բաքվում լավ են հասկանում, որ Երեւանի ինքնիշխան նույնիսկ կեսքայլը կխորտակեր իրենց ծրագրերը, այդ պատճառով էլ համատեղ եւ երեւանյան իշխող ու «ընդդիմադիր» իրենց ագենտուրային քարոզչությունն ուղղված է հայ հանրությանը դատապարտվածության եւ դիմադրության անիմաստության ներշնչմանն ու արմատավորմանը։ Տեխնոլոգիաների մասին մանրամասն՝ այստեղ։
Փաշինյանը տվեց այդ երաշխիքները, ավելին՝ երաշխավորեց հայկական իրավունքների զիջումը «Կարս+» ձեւաչափով՝ ոչ մի իրավունք Կարսի, Արարատ լեռան վրա, եւ պայմանագրից դուրս լրացուցիչ՝ ոչ մի իրավունք Նախիջեւանի վրա։ Փաշինյանը ճանաչեց Բերձորի միջանցքի կարգավիճակի վերացումը, այն հայտարարելով Մոսկվայի ու Բաքվի բացառիկ իրավասության գոտի, որի հետ Հայաստանը կապ չունի։ Նա Մոսկվային ու Բաքվին նաեւ հավաստիացրեց, որ հրաժարական չի տալու եւ մինչեւ վերջ տանելու է «խաղաղության օրակարգը»։
lrair.am