Հայաստանը առաջնային է համարում Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների ապահովման հարցը։ Հայաստանը հասու բոլոր միջոցներով կաջակցի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի որոշմանը ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյա, հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե պաշտոնական Երևանը ի՞նչ դիրքորոշում ունի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում։
«Մենք առաջնային ենք համարում Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների ապահովման հարցը և կարևոր ենք համարում, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը լինի այն սուբյեկտը, որը կխոսի այդ բոլոր թեմաների մասին։ Իրենք պետք է որոշումներ կայացնեն, և մենք իրենց կաջակցենք մեզ հասու բոլոր միջոցներով։ Մենք այսօր ապահովում ենք հումանիտար, ֆինանսական հարցերը, ինչով կկարողանանք՝ կաջակցենք։ Մեր դիրքորոշումը սա է»,- ասաց վարչապետը։
Փաշինյանի կարծիքով՝ խնդիրներից մեկը, որ էական ազդեցություն է ունեցել հետագա իրադարձությունների վրա, այն է, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին բանակցային գործընթացից դուրս է հանել և նրանց փոխարեն որոշում է կայացրել։
«Ոչ, մենք չենք կարող որոշել իրենց փոխարեն։ Մենք պետք է զբաղվենք Հայաստանի հարաբերությունների հարցերով, Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները պետք է զբաղվեն Լեռնային Ղարաբաղի հարցով, մենք էլ պետք է նրանց աջակցենք»,- եզրափակեց Փաշինյանը։