Search
Close this search box.

Հայաստանի ժուռնալիստների միությունը կոչ է անում ապահովել բոլոր լրատվամիջոցների մասնակցությունը Նիկոլ Փաշինյանի ասուլիսին

Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ տասնյակ լրատվամիջոցներ զրկված են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ վաղը հրավիրած մամուլի ասուլիսին մասնակցելու հնարավորությունից։

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․

«Կիրակի օրը Կառավարությունից հայտնել են, որ հունվարի 10–ին կայանալու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը, որին մասնակցելու համար լրագրողներից պահանջել են ներկայացնել մասնակիցների անունները։

Այսօր, սակայն, ինչպես պարզ է դարձել տարբեր հրապարակումներից, շուրջ մեկ տասնյակ լրատվամիջոցներ զրկվել են Նիկոլ Փաշինյանի ասուլիսին մասնակցելու և նրան հարցեր հղելու հնարավորությունից։

Այդ լրատվամիջոցների արգելքի համար պաշտոնապես որևէ ողջամիտ բացատրություն չի ներկայացվել, ինչն, արդեն ողջամիտ կասկած է հարուցել առ այն, որ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին մասնակցելուց առանձին լրատվամիջոցներ զրկվել են ոչ իշխանական դիրքավորման համար։

Մյուս կողմից, սակայն, մամլո ասուլիսին մասնակցելու հրավեր ստացել են նաև ոչ իշխանական մի քանի այլ լրատվամիջոցներ։

Հայաստանի Ժուռնալիստների միությունը դատապարտում է պետական պաշտոնյայի մասնակցությամբ կայանալիք հրապարակային միջոցառման մասնակիցների ընտրության հարցում Կառավարության կամ վարչապետի աշխատակազմի կողմից ցուցաբերված խտրականությունը, որը հակասում է ժողովրդավարության, մամուլի ազատության և հավասարության հիմնարար սկզբունքներին և ավելի է խորացնում երկրում առանց այդ էլ ահագնացող փոխադարձ անհասկացվածության ու անհանդուրժողականության մթնոլորտը։

Կառավարության աշխատակազմին կոչ ենք անում առավելագույն սեղմ ժամկետում չեղարկել այդ խտրական որոշումը և հունվարի 10-ին կայանալիք մամլո ասուլիսին ապահովել առանց բացառության բոլոր լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությունը։

Հաշվետվողականությունը, թափանցիկությունն ու հանրային վերահսկողությունը, ինչի նպատակով պետական պաշտոնյաները ստիպված են անցկացնել մամլո ասուլիսներ, չեն կարող լինել հատվածական, խտրական կամ ընտրովի։ Հակառակ դեպքում, ձևախեղվում են բոլոր այն նպատակադրումները, որոնց համար նախատեսվում են նման հանրային միջոցառումները»։

Please enter a valid URL