ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը ՀՀ ներքին գործերի նախարար է նշանակվել։ Համապատասխան հրամանագիրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով ստորագրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
Վահե Ղազարյանը ՀՀ ոստիկանության պետի պարտականությունները ստանձնել էր 2020 թվականի հունիսի 8–ից։ Մինչ այդ, 2019–ի մայիսի 22-ից, զբաղեցնում էր ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը։
Նա ծնվել է 1974թ. հունիսի 15-ին Իջևան քաղաքում: 1995թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը: 2009թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: 1995-96 թվականներին ծառայել է Զինված ուժերում:
2003-ից աշխատանքի է անցել իրավական համակարգում` ստանձնելով Տավուշի մարզային ՆԳ վարչության շտաբի տեսուչի պաշտոնը։
Այնուհետև տարբեր տարիների եղել է ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ, բաժնի պետի տեղակալ օպերատիվ գծով, ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի պետ, ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ:
Ամուսնացած է, ունի մեկ դուստր, երկու որդի:
ՀՀ նախագահի երկու այլ հրամանագրերով էլ Կամո Ցուցուլյանն ու Արամ Հովհաննիսյանն ազատվել են ոստիկանության պետի տեղակալի ԺՊ-ի պաշտոններից։
Հիշեցնենք, որ ԱԺ–ն ՆԳՆ ստեղծելու օրենքի նախագիծը հաստատեց դեկտեմբերի 16-ին։ Նոր օրենքով նախատեսվում է, որ ոստիկանապետը կլինի ներքին գործերի նախարարի տեղակալը, միևնույն ժամանակ անվտանգության խորհրդի անդամ, իսկ ոստիկանության զորքերը կդառանան ոստիկանական գվարդիա՝ ավելի ընդլայնված գործառույթներով։