Սույն թվականի հունվարի 5 -ին զանգվածային լրատվամիջոցներում տեղեկատվություն է հրապարակվել «սուր որովայն, խոռոչավոր օրգանի թափածակում» ախտորոշմամբ Մարտունու բժշկական կենտրոն տեղափոխված Վարդենիս համայնքի 17-ամյա բնակչուհու մահվան հանգամանքների կապակցությամբ, որը լայն արձագանք է ստացել, ուստի հարկ ենք համարում թույլատրելիի սահմաններում հասարակությանը պարզաբանել իրականում տեղի ունեցածը. Սույն թվականի հունվարի 2-ին, ժամը 03։30֊ի սահմաններում, քաղաքացին Վարդենիսի բժշկական կենտրոնից շտապ օգնության բրիգադով տեղափոխվել է Մարտունու բժշկական կենտրոն, ծայրահեղ ծանր շոկային վիճակում:
Ընդունարանից անհետաձգելի կարգով տեղափոխվել է վիրասրահ, երեք րոպե անց պացիենտի մոտ գրանցվել է սրտի կանգ: Անմիջապես ծավալվել են վերակենդանացման միջոցառումներ, որի արդյունքում հնարավոր է եղել վերականգնել սրտի ռիթմը և իրականացնել վիրահատություն:
Վիրահատությունը տևել է շուրջ 5 ժամ, որի ընթացքում հիվանդի վիճակը եղել է ծայրահեղ ծանր՝ սրտի ռիթմի տարատեսակ խանգարումներով և սրտի կանգի էպիզոդներով:
Բժշկական միջոցառումները կատարվել են ուղեցուցային (պրոտոկոլային) կարգով, սակայն վիրահատության ընթացքում արդեն իսկ դիտվել է բազամաօրգանային անբավարարություն, որի արդյունքում վիրահատությունից կարճ ժամանակ անց կրկին անգամ հիվանդի մոտ գրանցվել է սրտի կանգ: Կատարվել են համապատասխան վերակենդանացման միջոցառումներ, սակայն դժբախտաբար հիվանդի կյանքը փրկել չի հաջողվել: Պաշտոնապես հայտնում ենք, որ բժշկական կենտրոնը երբևէ տեղեկատվություն չի տրամադրել այն մասին, որ 11-րդ դասարանի աշակերտուհու մահվան պատճառը եղել է հանկարծամահությունը։
Բացի այդ, անհրաժեշտ ենք համարում իրազեկել, որ դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քրեական վարույթը չի նախաձեռնվել սպանության հանցակազմի հատկանիշներով։