Համաճարակային իրավիճակի հետագա բարդություններից և հիվանդության տարածումից խուսափելու նպատակով, որպես կանխարգելիչ միջոցառում, առաջարկվում է դպրոցական և նախադպրոցական ուսումնական հաստատություններում սահմանել «համաճարակային ֆիլտր»՝ հիվանդ երեխաների մուտքը հաստատություններ բացառելու համար։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն՝ նշելով, որ Առողջապահության նախարարության համապատասխան գրությունը շրջաբերականին կից առաքվել է մարզպետարաններ և Երևանի քաղաքապետարան:
«Հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարի գրությունը` վերջին օրերի սուր շնչառական վարակների և գրիպի աճի վերաբերյալ, մասնավորապես 0-18 տարեկան երեխաների շրջանում նշված հիվանդության աճի կանխարգելման նպատակով ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ: Նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է ՀՀ մարզպետարաններին, Երևանի քաղաքապետարանին` առաջարկելով իրենց ենթակա հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատություններում իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ»,- ասված է հայտարարությունում:
Նույն հանձնարարականը տրվել է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների և ոչ պետական դպրոցների տնօրեններին: Հակահամաճարակային միջոցառումները դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում կիրակականացվեն հունվարի 9-ից:
Նախարարությունը հիշեցնում է, որ 3-12-րդ դասարանների աշակերտների ձմեռային արձակուրդն ավարտվել է և այսօրվանից նրանք հաճախում են դպրոց, իսկ առաջին և երկրորդ դասարանցիների արձակուրդը կշարունակվի մինչև հունվարի 22-ը ներառյալ: