Search
Close this search box.

Մինչև -59 աստիճան ցուրտ. Ռուսաստանում անոմալ սառնամանիք է

Անոմալ սառնամանիքներ են գրանցվել Սիբիրում, Ուրալում և Պրիվոլժեում, գրում է kommersant.ru-ն:

Օյմյակոնում՝ ցրտի բևեռում, -59 աստիճան է գրանցվել։ Յակուտիայի այլ շրջաններում ևս սառնամանիք է. ջերմաստիճանն իջել է -45-ից ցածր: Այս մասին հաղորդվում է Յակուտսկի հիդրոօդերեւութաբանության դեպարտամենտի կայքում։

Անոմալ սառնամանիքներ են դիտվում նաև Օրենբուրգի մարզում, Ուդմուրտիայում և Բաշկիրիայում։ Օդերևութաբաններն առաջիկա օրերին կանխատեսում են ջերմաստիճանի անկում մինչև -42°C։

«Արևմտյան Սիբիրի հարավին դրամատիկ իրադարձություններ են սպասվում… կտրուկ սառեցում է լինելու։ Արդեն հունվարի 8-ից 9-ը Օմսկի մարզում կցրտի մինչև -31…-32°C, իսկ հետո մինչև -33…-35°C»,- ՏԱՍՍ-ին ասել է Ռուսաստանի հիդրոօդերեւութաբանության կենտրոնի գիտական ղեկավար Ռոման Վիլֆանդը:

Նրա խոսքով, շատ ցուրտ եղանակ է սպասվում (մինչեւ -43°C) նաև Ուրալի շրջաններում։ Ուդմուրտիայում, որտեղ հունվարի 9-ին սպասվում է ջերմաստիճանի անկում մինչև -36°C, դպրոցներն ու մյուս ուսումնական հաստատությունները կանցնեն հեռավար ուսուցման: Իժևսկում չեղարկվել են ցերեկային և երեկոյան ամանորյա տոնական միջոցառումները բաց տարածքներում։ Նաև տնօրենների որոշմամբ Օրենբուրգի և Սամարայի մարզերում դպրոցներում կարող են չեղարկվել դասերը ։

Չելյաբինսկի մարզում՝ Տագանայ ազգային պարկում, անցած գիշեր գրանցվել է -43°C ։ Հունվարի 8-ին ցրտի պատճառով չեղարկվել են միջքաղաքային ավտոբուսների մի քանի երթուղիներ։

Please enter a valid URL