SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները՝ վարչության պետ Վարդան Վարդանյանի, վարչության պետի առաջին տեղակալ Արմեն Պետրոսյանի, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի՝ վարչության պետ Սևան Քոչարյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանի և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ, ոստիկանության Քանաքեռ Զեյթունի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Զորիկ Ավդիշոևի գլխավորությամբ, համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի խմբի հետ՝ բաժնի պետ Վազգեն Մաունկյանի, բաժնի պետի տեղակալ Հուսիկ Կարապետյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ռուբեն Մարտիկյանի գլխավորությամբ, ինչպես նաև Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի տեղակալ Արծրուն Առաքելյանի և ավագ դատախազներ Արմեն Երիցյանի ու Դավիթ Բաղդասարյանի գլխավորությամբ, կատարելով հսկայածավալ աշխատանքներ, պարզել են երեկ՝ հունվարի 6-ին, Երևանում «Դեգուստո» արագ սննդի կետի մոտից հիվանդանոցներ տեղափոխված մահացածի և 3 վիրավորների ինքնությունները։
Պարզվել է՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոն է տեղափոխվել «ձախ թուլակողային շրջանի կտրած-ծակած վերք, աջ ուսահոդի հոդախախտ»
ախտորոշմամբ Երևանի բնակիչ 20-ամյա Սպարտակ Հ․-ն։ «Ձախ թիկնային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ՝ նույն հիվանդանոց է տեղափոխվել Երևանի բնակիչ 19-ամյա Համլետ Հ․-ն։ Նույն հիվանդանոց է տեղափոխվել «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ՝ Երևանի բնակիչ 26-ամյա Արմեն Զ․-ն, ով հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է։
Պարզվել է նաև, որ «որովայնի շրջանի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի բնակիչ 18-ամյա Դավիթ Մ․-ն,
Կայքի տեղեկություններով՝ վիրավորների հարազատները ոստիկաներին ու քննիչներին հայտնել են, որ նշված անձինք դանակահարվել են Պարույր Սևակի փողոցի 92 հասցեում գործող «Դեգուստո» արագ սննդի կետի մոտ։
Կայքի տեղեկություններով՝ ոստիկանները, քննիչները, դատախազության աշխատակիցներն ու Երևանի գնդի պարեկները պարզել են, որ Երևանի բնակիչներ 19-ամյա Նարեկ Տեր-Բ․-ն, 19-ամյա Անդրանիկ Մ․-ն, 20-ամյա Հակոբ Ա․-ն, 24-ամյա Աշոտ Ե․-ն և 18-ամյա Էդգար Ա․-ն Պարույր Սևակի և Ռուբինյանց փողոցների խաչմերուկում նշված արագ սննդի կետի դիմաց վիճաբանել են Դավիթ Մ․-ի, Սպարտակ Հ․-ի, Համլետ Հ․-ի և Արմեն Զ․-ի հետ, որի ընթացքում փոխադարձ հարվածներ են հասցրել։
Ու այդ ժամանակ վիճաբանության մասնակիցներից մեկը, ում անունը, նախաքննության շահերից ելնելով, այս պահին չենք հրապարակում, իր մոտ եղած դանակով մարմնական վանսվածքներ է հասցրել վիրավորներին, ինչի հետևանքով Արմեն Զ․-ն մահացել է։
Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ վիճաբանության մասնակիցների մի մասին և հանցագործության գործիք՝ դանակը հայտնաբերելու ուղղությամբ։
Կայքի տեղեկություններով՝ ոստիկանները հայտնաբերել են Աշոտ Ե-ին և ներկայացրել քննչական բաժին։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունվարի 6-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները ծառայություն կատարելիս են լինում Ռուբինյանց-Պարույր Սևակ փողոցների խաչմերուկում, երբ նկատում են, որ Պարույր Սևակի փողոցում գործող «Degusto» արագ սննդի կետի դիմաց 3 քաղաքացի ուշագնաց ընկած են։
Պարեկները վիրավորներից մեկին իրենց ծառայողական ավտոմեքենայով տեղափոխում են «Իզմիրլյան» ԲԿ, իսկ երկուսի համար էլ ահազանգում են 1-03 շտապօգնություն, և ժամանած բժիշկների հերթապահ խումբը այդ երկու վիրավորներին էլ է տեղափոխում «Իզմիրլյան» ԲԿ։