SHAMSHYAN.com-ի տեղեկություններով հունվարի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Այսօր` հունվարի 5-ին, ոստիկանության Ծաղկաձորի բաժանմուքնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուր 39 հասցեում գործող Երևանի պետական համալսարանի հաշվեկշռում հաշվառված «համալսարանական» հանգստյան տան վարչական շենքում կրակոց է հնչել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ստացված օպերատիվ տեղեկությունը պարզելու համար ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանի, ոստիկանության Հրազդանի բաժնի պետ Արտակ Ասատրյանի և ոստիկանության Ծաղկաձորի բաժանմունքի պետ Արթուր Ֆիշյանի գլխավորությամբ աշխատանքներ են կատարվում, որի արդյունքում պարզվում է, որ տեղեկությունը հավաստի է և կրակոցը հնչել է նույն օրը` ժամը 18։00-ի սահմաններում, հանգտյան տան տնօրենի աշխատասենյակում։
Գ. Շամշյանի տեղեկություններով ոստիկանները հայտնաբերում են տնօրեն` Երևանի բնակիչ 46-ամյա Աշոտ Ղուլյանին և արդեն ոստիկանության Ծաղկաձորի բաժանքում փաստերի ճնշման տակ Ա. Ղուլյանը խոստովանում է, որ իր աշխատասենյակում հրազենով կրակոցն արձակել է ինքը` դեպի օդ` առաստաղի ուղղությամբ։
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ` հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով Ա. Ղուլյանի եղբայրը ՀՀ Արդարադատության նախարարության «Փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Դավիթ Ղուլյանն է։