«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, մինչեւ 2023-ի հունվարի 10-ը ՀՀ Ներքին Գործերի նախարար կնշանակվի: Իրավապահ համակարգից տեղեկանում ենք, որ քաղաքական իշխանությունների կողմից որոշումն արդեն կայացված է եւ ներկայիս Ոստիկանապետ Վահե Ղազարյանին արդեն վստահեցրել են՝ հենց նա է լինելու Ներքին գործերի նախարարը:
Իհարկե, ՆԳ նախարարի մասով քննարկումներ շատ են եղել իշխող թիմում: Հնչել է տեակետ, թե Վահե Ղազարյանը հրապարակային կերպար չէ, եւ դժվար է պատկերացնել, թե ինչպես է ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ամբիոնից խոսելու, այնուամենայնիվ ընտրությունը կանգ է առել հենց Վահե Ղազարյանի վրա, քանի որ այդպես է ուզում Նիկոլ Փաշինյանը:
Ինչպես հայտնի է, 2022 թվականի դեկտեմբերի 16-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց Ներքին Գործերի նախարարություն ստեղծելու նախագիծը:
Այսպիսով, ըստ ընդունված նախագծի համաձայն, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը կդադարեցնի իր գործունեությունը։ ՆԳՆ ենթակա մարմիններ կլինեն Ոստիկանությունը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, Փրկարար ծառայությունը:
Ընդունված օրենքի անցումային դրույթներում սահմանվում է, որ վարչապետը Հանրապետության նախագահին պետք է ներկայացնի ներքին գործերի նախարարի թեկնածու նշանակելու մասին գրավոր առաջարկություն:
Իսկ արդեն Ներքին գործերի նախարարը լիազորություններն ստանձնելու պահից մեկ ամսվա ընթացքում վարչապետին է ներկայացնում նախարարի տեղակալների եւ ենթակա մարմինների ղեկավարներ նշանակելու մասին առաջարկությունը:
Հավելենք, որ այս մասով մեկ հստակություն էլ կա. Նիկոլ Փաշինյանն անձամբ է ասել, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը կզբաղեցնի ՆԳՆ նախարարի տեղակալի պաշտոնը:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում