Ներքին գործերի նախարարության ենթակայությանը կհանձնվի Ոստիկանությունը, Փրկարար ծառայությունը և Միգրացիայի ու քաղաքացիության ծառայությունը, Կառավարության նիստին համապատասխան նախագիծը ներկայացրեց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
«Ինչպես տեղյակ եք, 2022 թվականին Ազգային ժողովի կողմից ընդունվեց Ներքին գործերի նախարարության ձևավորման ուղղված շուրջ չորս տասնյակ նախագծից բաղկացած օրենսդրական փաթեթը, որն ուժի մեջ է մտել 2022 թվականի դեկտեմբերի 30-ին և հետևապես Ներքին գործերի նախարարությունը համարվում է ստեղծված։ Իհարկե, նախարարության ստեղծումը ենթադրում է դրա ամբողջական ձևավորման ուղղված մի շարք հաջորդական քայլերի իրականացում, ինչը կարգավորվել է նշված օրենսդրական փաթեթով։ Այս համատեքստում նախարարության ստեղծման տրամաբանական շարունակություն է համարվում նաև սույն նախագծի ընդունումը, որը պայմանավորված է Ներքին գործերի նախարարության ձևավորման համատեքստում դրա ենթակա մարմինների սահմանման անհրաժեշտությամբ, ինչը կապահովի նախարարությանն իրեն վերապահված գործառույթների շրջանակներում պատշաճ գործունեության իրականացման անհրաժեշտ պայմաններ։
Նախագծով առաջարկվում է Ներքին գործերի նախարարության ենթակայությանը հանձնել Ոստիկանությունը, Փրկարար ծառայությունը և Միգրացիայի ու քաղաքացիության ծառայությունը, ըստ այդմ՝ ուժը կորցրած ճանաչելով Արտակարգ իրավիճակների նախարարությանը վերաբերող ենթակետը և Միգրացիոն ծառայությանը վերաբերող պարբերությունը»,- ասաց Մինասյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին ասաց, որ հաջորդ շաբաթ կնշանակեն Ներքին գործերի նախարար ու փոխնախարարներ։
«Նախարարության կառուցվածքն ունի շատ կարևոր առանձնահատկություն։ Այդ մոդելը արդեն իսկ կիրառել ենք Պաշտպանության նախարարությունում։ Նրբությունը նրանում է, որ Ոստիկանության պետը և Փրկարար ծառայության պետը միևնույն ժամանակ կլինեն Ներքին գործերի նախարարի տեղակալներ։ Նաև ներքին գործերի նախարարը կունենա երկու տեղակալ, որոնցից մեկը կզբաղվի ոստիկանության և ներքին գործերի համակարգի ռազմավարությունների մշակմամբ, իսկ մյուս նախարարի տեղակալը կզբաղվի քաղաքացիական մի հատվածի գործունեությունը համակարգելով»,- ասաց վարչապետը։