Search
Close this search box.

ՌԴ-ից հստակ քայլեր ենք ակնկալում․ Լաչինի միջանցքի անխափան աշխատանքն ապահովելն իր պարտավորությունն է

Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցած այդ գործողությունը միջանցքն ապաշրջափակելու կոչերի միջազգային լայն արձագանք է հարուցել. այս մասին կառավարության այսօրվա նիստի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ ՆԻկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ Ադրբեջանն արդեն 25 օր փակ է պահում Լաչինի Միջանցքը։

«Չնայած միջազգային արձագանքին՝Ադրբեջանը գործողություններ չի ձեռնարկում հարցը կարգավորելու ուղղությամբ: Լաչինի միջանցքը փակելով՝ Ադրբեջանը կոպտորեն խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ իր ստանձնած ուղղակի պարտավորությունը, ինչը լրջագույն հարցեր է առաջացնում պաշտոնական Բաքվի պայմանագրունակության վերաբերյալ»,- հայտարարեց Փաշինյանը:

Նա նշեց, որ Ադրբեջանը փորձում է Հայաստանին վերագրել սեփական պարտավորությունները չկատարելու գործելակերպը, ինչը բացարձակապես մտացածին է:

«Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ տարբեր պատճառաբանություններ են բերվում, բայց, իմ համոզմամբ, ամենախորն ու իրական պատճառն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հայերը շարունակում են ապրել իրենց հայրենիքում ու միջազգային հանրությունն էլ սկսել է ավելի ու ավելի հստակ արձանագրել ԼՂ հայության էթնիկ զտումների, ցեղասպանության ենթարկելու Ադրբեջանի տեսանելի քաղաքականությունը: Այս իմաստով մենք ավելի առարկայական քայլեր ենք ակնկալում միջազգային հանրությունից, այդ թվում՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ Ռուսաստանի Դաշնությունից, ում խաղաղապահ զորախումբը տեղակայված է ԼՂ-ում ու Լաչինի միջանցքը սեփական վերահսկողության տակ պահելը նրա ուղիղ պարտավորությունն է», — ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Please enter a valid URL