Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ում երկու հիվանդներ՝ «Ուղեղիկի աջ կիսագնդի ծավալային գոյացություն, գլխուղեղի այտուց, օգլուզիոն հիդրոցեֆալիա» եւ «Աչքի անոթային թաղանթի չարորակ գոյացություն՝ մելանոմա» ախտորոշումներով, օրեր շարունակ գտնվում էին բժիշկների հսկողության տակ։
ԱՀ առողջապահության նախարարությունից հաղորդում են, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ եւ ուղեկցությամբ երկու հիվանդներն այսօր տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Արցախը հումանիտար աղետի շեմին է։ Ավելի քան 1100 մարդ, որից 270-ը անչափահաս, չի կարողանում վերադառնալ սեփական տները։