Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձն Ամանորի առթիվ․
«Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացիներ,
Սիրելի հայրենակիցներ,
Րոպեներ անց մենք կշրջենք 2022 թվականի օրացույցի վերջին էջն ու մուտք կգործենք 2023 թվական:
Անցնող տարին մեր պետականության համար լի էր փորձություններով ու մարտահրավերներով: Մեր պետության ինքնիշխանության ու անկախության համար շարունակական պայքարով ու ձեռքբերումներով, անդառնալի կորուստներով, սահմանային լարվածությամբ ու արցախահայության առջև ծառացած անվտանգային սպառնալիքներով:
2023 թվականի նախաշեմին, ես ցանկանում եմ, որ մեզանից յուրաքանչյուրը մեր ընտանիքներում, մեր տոնական սեղանների շուրջ, մտովի ամփոփելով անցնող տարին, մի ակնթարթ հետհայացք նետի և տեսնի, թե ի՞նչ է թողնելու անցնող տարում և ի՞նչը պետք է վերցնի իր հետ՝ դեպի գալիք նոր տարիներ:
Ինչ փորձով ու գիտելիքով ենք մենք քայլ անելու դեպի եկող տարի, ինչ հույսերով, կամքով և հավատամքով ենք մենք, որպես պետություն, որպես ազգ ու հավաքական հանրություն շարունակելու մեր ուղին՝ դեպի մեր նվիրական երազանքի՝ զարգացող, բարեկեցիկ, անվտանգ ու խաղաղ Հայաստան:
Հենց այսպիսի Հայաստան ունենալու համար, ես հավատում եմ, որ մեր ժողովուրդը կարող է գիտակցել ու գնահատել իր պատմական փորձն ու փորձառությունը, հավատում եմ, որ այդ գիտակցման հանրագումարում մենք կարող ենք գտնել մեր բաղձալի հայրենիքի կերտման ներուժը:
Վստահ եմ նաև, որ մեր երկրին բաժին հասած փորձություններից մենք դուրս ենք գալու ավելի ուժեղ, ամուր ու իմաստացած:
Սիրելի ժողովուրդ,
Գալիք տարում մեր պետության, մեր քաղաքացիների ու պետական այրերի առաջնահերթությունները շարունակում են մնալ մեր երկրի զարգացումն ու հզորացումը:
Մեր սահմանների խաղաղության ու անվտանգության, Արցախի մեր հայրենակիցների արժանապատիվ ապրելու և իրենց հազարամյա հայրենիքում արարելու իրավունքների ապահովումը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի արդարացի հանգուցալուծումը:
Սիրելի հայրենակիցներ,
Գալիք 2023 թվականին ընդառաջ ցանկանում եմ մաղթել բոլորիս խաղաղություն, անսպառ ընտանեկան երջանկություն, տոկունություն, խաղաղ ու ստեղծագործ աշխատանք՝ ի շահ և ի բարօրություն Հայաստանի Հանրապետության:
Շնորհավոր Նոր տարի»: