Շաբաթ օրը՝ 2022 թվականի դեկտեմբերի 31-ին, Ռուսաստանը զանգվածային հարձակում է իրականացրել Ուկրաինայի մի շարք քաղաքների, այդ թվում՝ Կիեւի վրա։ Մայրաքաղաքի բնակիչները մի շարք հզոր պայթյուններ են լսել, հայտնում է «ՈՒՆԻԱՆ»-ը։
Իր Telegram ալիքում պայթյունների մասին տեղեկությունը հաստատել է Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ Նա հորդորել է մինչեւ ահազանգի ավարտը մնալ կացարաններում. «Պայթյուններից մեկը որոտացել է մայրաքաղաքի Սոլոմենսկի թաղամասի բնակելի շենքերի միջեւ։ Բոլոր ծառայությունները տեղում են։ Մանրամասները՝ ավելի ուշ»։
Բացի այդ, պայթյուններ են տեղի ունեցել մայրաքաղաքի Պեչերսկի եւ Գոլոսեեւսկի շրջաններում, ավելի ուշ հավելել է Կլիչկոն։
«Պայթյուններ են տեղի ունեցել նաեւ Պեչերսկի թաղամասում եւ Գոլոսեեւսկում։ Կան ավերածություններ: Դեպքի վայր են մեկնում փրկարարներն ու բժիշկները»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի ուշ ՕՊ-ն հայտարարել է, որ Կիեւում վնասվել է հյուրանոցային համալիր եւ բեկորներն ընկել են մի առանձնատան բակում։ Ժամը 14:35-ի դրությամբ Կլիչկոն հայտնել է, որ, ըստ նախնական տեղեկությունների, ռուսական հրթիռային հարձակման հետեւանքով տարածքում մեկ մարդ է զոհվել, կան վիրավորներ:
Կիեւի քաղաքապետը հավելել է, որ Սոլոմենսկի շրջանում բժիշկները հիվանդանոց են տեղափոխում երեք վիրավոր կնոջ եւ երկու տղամարդու։ Պայթյունների վայրում աշխատում են փրկարարները։